Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի հետազոտողները բացահայտել են օտոֆերլին սպիտակուցի կառուցվածքն ու գործառույթը, որը կարեւոր դեր է խաղում լսողության պրոցեսում։ Օտոֆերլինի կորուստը կամ դրա գործառույթի խանգարումը հանգեցնում է բնածին խլության տարածված ձեւին։ Science Advances ամսագրում հրապարակված աշխատանքի արդյունքները կարեւոր փուլ են Գյոթինգենի համալսարանում օտոֆերլինի ավելի քան երկու տասնամյակ տեւած հետազոտություններում եւ նպաստում են խլության բուժման առաջին գենային թերապիաների բարելավմանը։

Լսողության պրոցեսը բարդ է եւ մինչեւ վերջ չուսումնասիրված։ Երբ ձայնը հասնում է ականջին, մազաբջիջները ներքին ականջում մեխանիկորեն ակտիվանում են։ Դա լարվածության փոփոխություն է առաջացնում բջիջներում, ինչը հանգեցնում է թաղանթում կալցիումի խողովակների բացվելուն։ Կալցիումը ներս է թափանցում եւ նպաստում գլուտամատի նեյրոմեդիատորի ազատ արձակմանը։

Մազաբջիջների ներսում գլուտամատը փոքր պղպջակներով տեղափոխվում է  շփման կետ՝ այսպես կոչված սինապս, մազաբջիջների եւ լսողական նյարդային բջիջների միջեւ։ Այստեղ պղպջակները ամրանում են մազաբջիջների թաղանթին եւ ի վերջո ձուլվում դրան կալցիումի ազդեցության տակ, ինչի շնորհիվ նեյրոմեդիատորը ազատ է արձակվում եւ ազդանշան փոխանցում լսողական նյարդին։

Օտոֆերլինը կարեւոր սպիտակուց է, որն ապահովում է այդ պրոցեսը։ Այն կապվում է կալցիումի հետ եւ նպաստում պղպջակների ձուլմանը բջիջների թաղանթի հետ, ինչն անհրաժեշտ է լսողական ազդանշանների նորմալ փոխանցման համար։