Ամեն տարի, երբ հոկտեմբերին ժամացույցի սլաքները հետ են տրվում, մոլորակի շատ բնակիչներ ուրախանում են «ավելորդ ժամ» քնի համար։ Սակայն որքա՞ն ուժեղ է այս ժամանակային տեղաշարժն ազդում մեր օրգանիզմի, հանգստի և տրամադրության վրա։
Փորձագետների կարծիքով՝ աշնանային անցումը շատ ավելի մեղմ է, քան գարնանայինը, սակայն այն լիովին անվնաս չէ։ Տեղաշարժը խախտում է մեր ցիրկադային ռիթմը՝ մեր օրգանիզմում առկա 24-ժամյա բնական մեխանիզմը, որը կարգավորում է քունը, կենտրոնացումը, հորմոնների արտադրությունն ու տրամադրությունը։
Ժամացույցի հետ ու առաջ տալն ազդում է մեր կենսառիթմի վրա։ «Մարմնի յուրաքանչյուր բջիջ ունի ցիրկադային ժամացույց, սակայն գոյություն ունի նաև գլխավոր ժամացույց. դա ուղեղի նեյրոնների մի խումբ է, որն ավտոմատ կերպով հետևում է լույսին, արևածագին, մայրամուտին և մթությանը՝ աչքերից ստացվող ազդանշանների շնորհիվ»,- Euronews Health-ին ասել է Հելսինկիի համալսարանի հոգեբուժության դոցենտ Տիմո Պարտոնենը։
«Այն, թե որքանով են այդ ժամացույցները լավ գործում, պայմանավորում է, թե որքան լավ ենք մենք քնում և ինչ տրամադրություն ունենք։ Ահա թե ինչու է դա այդքան կարևոր»,- հավելել է նա։
Դա գարնանը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ, իսկ աշնանը՝ հետ տալու պրակտիկա է՝ երեկոյան լուսային օրը երկարացնելու համար։ Այս համակարգին հետևում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի մեծ մասը։
Այս տարի ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ կտրվեն հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը։
Չնայած մեկ ժամ ավել քնելու հնարավորությանը, որոշ մարդիկ ավելի շատ են անհարմարություն և դիսկոմֆորտ զգում այս կտրուկ անցման ժամանակ։
«Ընդհանուր առմամբ, չնայած բողոքներին, որ երեկոներն ավելի մութ են դառնում, աշնանային ժամանակացույցի հետ տալը սովորաբար ավելի թեթև է ընկալվում»,- Euronews Health-ին ասել է Նորթումբրիայի համալսարանի քրոնոկենսաբան, պրոֆեսոր Մալքոլմ ֆոն Շանցը։
«Նրանք, ում դա դուր չի գալիս, հիմնականում բողոքում են, որ հենց ավարտում են աշխատանքը, հանկարծ մթնում է։ Բայց այստեղ կա երկու կետ։ Առաջինն այն է, որ դա պարզապես արտացոլում է այն, թե որտեղ ենք մենք ապրում. տարվա այս եղանակին լուսային օրը բավարար չէ, որպեսզի թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան լուսավոր լինի։ Դա ժամացույցի հետ տալու արդյունքը չէ, այլ պարզապես աշխարհագրություն է»,- պարզաբանել է ֆոն Շանցը։
«Երկրորդը, որն ինտուիտիվ մակարդակում մեզ համար պակաս հասկանալի է, այն է, որ կենսաբանորեն և ֆիզիոլոգիապես առավոտյան լույսը մեզ համար շատ ավելի կարևոր է», - ասել է մեր զրուցակիցը։
Պարտոնենը համաձայնել է նրա հետ՝ ասելով, որ «աշնանը ժամերը հետ տալուն ավելի հեշտ է հարմարվել, քանի որ այն մեզ լրացուցիչ ժամ է տալիս։ Գլխավոր ցիրկադային ժամացույցին ավելի հեշտ է հարմարվել նոր ժամանակացույցին»։
Սակայն նա զգուշացրել է, որ սկզբում քունը կարող է այնքան էլ որակյալ չլինել, որքան ամառային ամիսներին։
«Կա նաև ռիսկ, որ մարդիկ չեն օգտագործի ավելացված ժամը քնելու համար․ փոխարենը նրանք ավելի ուշ կքնեն և կշարունակեն քնի պակաս կուտակել։ Ժամանակի փոփոխությունը կարող էր հնարավորություն լինել՝ բացը լրացնելու համար, բայց մարդկանց մեծամասնությունը դա այդպես չի օգտագործում», - ասում է նա։
Գարնանային ժամացույցի հետ ու առաջ տալը, որը «գողանում է» մեկ ժամ քուն, կապված է եղել ճանապարհատրանսպորտային պատահարների, անքնության և սրտի կաթվածների թվի աճի հետ (Միացյալ Նահանգների Սրտի հիմնադրամի կողմից մեջբերված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ամառային ժամանակի անցումից հետո հաջորդ օրը սրտի կաթվածների թիվն աճել է 24%-ով)։
Բայց հոկտեմբերին ժամանակը հետ տալը նույնպես հետևանքներ ունի։
Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի և Օքսֆորդի համալսարանի կողմից 2025 թվականին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք ավելի հաճախ են նկատում ուժեղացած անհանգստություն, շփոթություն և սթրես հաջորդ օրերին, քան տղամարդիկ։ Երեխաների ամենօրյա ռեժիմի խախտումը, օրինակ՝ ավելի ուշ քնելը և արթնանալու դժվարությունները, նույնպես նպաստել են ընտանիքներում սթրեսի առաջացմանը։
Առողջապահության ոլորտի ավելի լայն հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամացույցների հաճախակի փոփոխությունը կարող է իր մեջ կրել ավելի լուրջ և երկարատև ռիսկեր։
Սթենֆորդի բժշկական ինստիտուտի գիտնականների կողմից ներկայացված վերջին վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ տարեկան երկու անգամ ժամացույցի փոփոխությունը կարող է հանգեցնել ինսուլտների և ճարպակալման թվի աճի։ Հետազոտության հեղինակները համեմատել են երեք ռազմավարություն՝ մշտական ստանդարտ ժամանակ, մշտական անցում ամառային ժամանակի և ներկայիս կիսամյակային տեղաշարժը և եկել այն եզրակացության, որ սեզոնային տեղաշարժերը ամենավատ տարբերակն են։
Մոդելավորելով լույսի, ցիրկադային ռիթմի և ԱՄՆ բնակիչների առողջական վիճակի վրա ազդեցությունը, հետազոտության հեղինակները հաշվարկել են, որ մշտական ստանդարտ ժամանակին անցումը կարող է կանխարգելել տարեկան մոտ 300,000 ինսուլտ և 2,6 միլիոն մարդու մոտ նվազեցնել ճարպակալման ռիսկերը։ Մշտական անցումը ամառային ժամանակի թույլ կտար հասնել այդ ցուցանիշների մոտավորապես երկու երրորդին, ասվում է հետազոտության մեջ։
Քնի նորմալ ռեժիմի պահպանումը մեր առողջության ամենակարևոր և հաճախ բաց թողնվող ասպեկտներից մեկն է երկարաժամկետ հեռանկարում։
«Մենք գիտենք, որ դա կարևոր է և որ մեր օրգանիզմը կարող է հաղթահարել որոշ խափանումներ։ Սակայն համաճարակաբանական տվյալներից մենք գիտենք, որ երկարաժամկետ առողջության համար ավելի լավ է նվազագույնի հասցնել տատանումները», - բացատրել է Շանցը։
Հանգստյան օրերին չափից շատ քնելու սովորությունը, որը հայտնի է որպես «սոցիալական ջեթլագ», անվանել է կենսաբանորեն կործանարար։
«Մեզանից շատերն աշխատանքային օրերին վաղ են արթնանում, իսկ հետո հանգստյան օրերին բավականաչափ քնում են. ըստ էության, մենք տեղաշարժում ենք մեր գրաֆիկը, ասես ուրբաթ օրը տեղափոխվում ենք մեկ այլ ժամային գոտի և երկուշաբթի օրը վերադառնում։ Այս սխեման ունի նույն երկարաժամկետ բացասական հետևանքները, ինչպես և ջեթլագի հաճախակի ազդեցությունը», - ասում է նա։
«Journal of Epidemiology & Community Health» ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ անկանոն քուն-արթնացում ցիկլ ունեցող մարդիկ 26%-ով ավելի մեծ ռիսկ ունեն հիմնական սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են ինֆարկտը և ինսուլտը, նույնիսկ եթե նրանք գիշերվա ընթացքում քնում են հիմնականում 7-9 ժամը։
Քնի շատ գիտնականներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Բրիտանական քնի ընկերությունը, որը անցյալ տարի պաշտոնական հայտարարություն տարածեց այս հարցի վերաբերյալ, պաշտպանում են երկամյա ժամացույցի փոփոխության վերացումը՝ հօգուտ մշտական ստանդարտ ժամանակի։
Եվրոպական միությունը 2018 թվականին առաջարկել է դադարեցնել ժամացույցի սեզոնային տեղաշարժերը և թեև Եվրոպական խորհրդարանը սկզբունքորեն պաշտպանել է այդ առաջարկը՝ անդամ երկրները չեն կարողացել ընդհանուր որոշման գալ։
Փորձագետները համակարծիք են, որ հավելյալ ժամը իսկական հանգստի համար օգտագործելը, ավելի ուշ քնելու փոխարեն, կարող է օգնել հարթել անցումը։
«Շուտ պառկեք քնելու», - խորհուրդ է տալիս դոկտոր Պարտոնենը։
«Եթե ժամերը տեղաշարժվում է շաբաթից կիրակի գիշերը, շաբաթ օրը քնեք ձեր սովորական ժամին կամ մի փոքր ավելի շուտ։ Այսպիսով, դուք կկարողանաք օգտագործել լրացուցիչ ժամը քնելու համար և նվազեցնել քնի պակասը»։






