Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) գիտնականները նախազգուշացրել են, որ ցիրկադային ռիթմերի՝ օրգանիզմի աշխատանքի բնական օրական տատանումների խանգարումները, կարող են զգալիորեն բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։

Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում:

Նոր ակնարկում ասվում է, որ «ներքին ժամացույցի» խանգարումը ազդում է ճնշման, արյան շաքարի մակարդակի, բորբոքման և լիպիդների փոխանակության վրա՝ հող նախապատրաստելով հիպերտոնիայի, ինսուլտի և ինֆարկտի զարգացման համար։

Ցիրկադային ռիթմերը կառավարում են գրեթե բոլոր կենսաբանական գործընթացները՝ քնից և մարմնի ջերմաստիճանից մինչև սրտի և անոթների աշխատանքը։ Երբ մարդն ապրում է այս բնական ցիկլերին անհամապատասխան, օրինակ՝ գիշերային հերթափոխերի, հաճախակի թռիչքների, քրոնիկ քնի պակասի կամ գիշերային ժամերին գաջեթների մշտական ​​օգտագործման պատճառով, նրա օրգանիզմը դադարում է ճիշտ կարգավորել ծանրաբեռնվածությունը։ Գիտնականները նշում են, որ հատկապես վտանգավոր է քուն-արթնացում ռեժիմի խանգարումը. նույնիսկ մի քանի գիշեր անկանոն գրաֆիկով կարող է խախտել զարկերակային ճնշման և նյութափոխանակության համար պատասխանատու հորմոնների արտադրությունը։

Հետազոտողները շեշտում են, որ կենսառիթմերի խանգարումները հաճախ զուգորդվում են այլ վնասակար գործոնների՝ սթրեսի, քիչ շարժունակ ապրելակերպի, չափից դուրս շատ ուտելու հետ։ Այս ամենն ուժեղացնում է բորբոքային գործընթացները և նվազեցնում բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ, բարձրացնելով դիաբետի և աթերոսկլերոզի ռիսկը։

Աշխատության հեղինակները կոչ են անում բժիշկներին հաշվի առնել «առողջության ժամանակային ասպեկտը» սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ։ Նրանք նաև խորհուրդ են տալիս մարդկանց ուշադրություն դարձնել քնի հիգիենային և ռեժիմի կանոնավորությանը. պառկել և վեր կենալ միևնույն ժամին, ստանալ բավարար ցերեկային լույս, իսկ երեկոյան խուսափել վառ էկրաններից։ Ռեժիմի նույնիսկ փոքր շտկումները կարող են վերականգնել ներքին ժամացույցը և նվազեցնել սրտի ծանրաբեռնվածությունը։

Գիտնականները ցիրկադային ռիթմերը անվանում են «առողջության չորրորդ չափում»՝ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և սթրեսի հետ հավասար։ Նրանց դերի ըմբռնումը կարող է ապագայում փոխել սրտի հիվանդությունների կանխարգելման մոտեցումը։