Հինան ամբողջ աշխարհում հայտնի է որպես մազերի և մաշկի բնական ներկ։ Սակայն պարզվում է, որ այն կարող է լյարդի ֆիբրոզի նոր դեղամիջոցի բազային բաղադրիչ դառնալ։ Օսակայի քաղաքային համալսարանի գիտնականները պարզել են, որ Lawsonia inermis բույսի բաղադրիչներից մեկը՝ Lawsone-ը, կարող է կանխել լյարդում սպիական հյուսվածքի զարգացումը և հակադարձել այդ գործընթացը։ Հետազոտությունը հրապարակվել է sciencedirect.com ռեսուրսում։
Լյարդի ֆիբրոզը կարող է առաջանալ ալկոհոլի չարաշահման կամ ճարպակալման հետևանքով։ Այդ վիճակում լյարդը դանդաղ, բայց հաստատուն կերպով կորցնում է իր գործառույթը, և առողջ բջիջների փոխարեն ձևավորվում է կոշտ շարակցական հյուսվածք։ Դա մեծացնում է ցիռոզի, լյարդի անբավարարության և նույնիսկ լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը։ Ըստ վիճակագրության՝ բնակչության մինչև 4%-ը տառապում է ֆիբրոզի ծանր ձևերից, սակայն արդյունավետ բուժումներ դեռևս գոյություն չունեն։
Ճապոնացի գիտնականների մի խումբ մշակել է քիմիական սքրինինգի համակարգ, որը նույնականացնում է լյարդի աստղաձև բջիջների վրա անմիջականորեն ազդող և ֆիբրոզի գործընթացում կարևոր դեր խաղացող նյութերը։ Այդ բջիջները կոչված են լյարդի հավասարակշռությունը կարգավորելուն, սակայն վնասվելիս դրանք գերակտիվ են դառնում՝ կոլագենի ավելցուկային արտադրություն առաջացնելով։
Գիտնականները հարյուրավոր միացությունների վրա փորձարկումներ են անցկացրել և պարզել, որ Lawsone-ը՝ բնական գունանյութը, որը հինային տալիս է իր բնորոշ գույնը, կարող է ճնշել աստղաձև բջիջների ակտիվությունը: Դա հաստատվել է կրծողների վրա կատարված փորձերի ժամանակ: Երբ գունանյութը տրվել է կենդանիներին, ֆիբրոզին առնչվող սպիտակուցների կոնցենտրացիաները զգալիորեն նվազել են: Միևնույն ժամանակ, ցիտոգլոբինի՝ առողջ լյարդի բջիջներին բնորոշ հակաօքսիդանտային հատկություններով սպիտակուցի մակարդակը բարձրացել է: Այլ կերպ ասած՝ բջիջները վերադարձել են իրենց բնականոն, «քնած» վիճակին:
Գիտնականներն այժմ մշակում են դեղամիջոցի մատակարարման համակարգ, որը կօգնի ճշգրիտ ուղղորդել դեղամիջոցն ակտիվացված բջիջներին: Մոտ ապագայում այդ զարգացումը կարող է հիմք ծառայել լյարդի ֆիբրոզի և շարակցական հյուսվածքի անտեղի առաջացմանն առնչվող այլ պաթոլոգիաների բուժման համար:






