UCLA Health Jonsson Comprehensive Cancer Center-ի գիտնականները պարզել են, թե ինչպես է մելանոման՝ մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր ձևը, հարմարվում և դիմացկուն դառնում իմունոթերապիայի նկատմամբ, ինչպես նաև առաջարկել են այդ դիմացկունությունը կանխարգելելու կամ հակադարձելու հնարավոր միջոց։ Հետազոտողները բացահայտել են, որ մելանոմայի կրկնվող ուռուցքները հաճախ ձեռք են բերում ԴՆԹ-ի լայնածավալ փոփոխություններ՝ ԴՆԹ-ի հատվածները կամ հեռացվում են, կամ կրկնապատկվում։ Այդ փոփոխություններն ազդում են այն գեների վրա, որոնք պատասխանատու են բջիջների ինքնաոչնչացման ունակության համար՝ իմունային համակարգի գրոհով պայմանավորված վնասվածքների դեպքում։ Արդյունքում, ուռուցքային բջիջները գոյատևում են իմունային գրոհի ժամանակ, ինչը հանգեցնում է ուռուցքի կրկնությանը՝ սկզբնական բուժումից ամիսներ կամ տարիներ անց։

«Immunity» ամսագրում հրապարակված աշխատանքը ցույց է տալիս, որ ուռուցքային բջիջներում ապոպտոզի շեմի իջեցումը կարող է օգնել պահպանել կամ վերականգնել իմունային անցակետերի ինհիբիտորների (որոնք իմունոթերապիայի հիմնական մեթոդներից են) արդյունավետությունը։

Իմունոթերապիայի նկատմամբ դիմադրողականությունը մնում է քաղցկեղի բուժման հիմնական խնդիրներից մեկը։ Թեև մելանոմայով շատ հիվանդներ ի սկզբանե լավ են արձագանքում անցակետերի ինհիբիտորներին, սակայն հիվանդների 40-60%-ը ժամանակի ընթացքում բախվում է կրկնության խնդրին, քանի որ ուռուցքը հարմարվում է և դառնում դիմացկուն։ Կրկնության մեխանիզմն ուսումնասիրելու համար հետազոտողները վերլուծել են հիվանդների ուռուցքների նմուշները մինչև բուժումը և կրկնությունից հետո, ինչպես նաև վիրահատություններից հետո օժանդակ թերապիայի տվյալները։ Օգտագործվել են UCLA-ի թիմի կողմից մշակված բջջային գծեր և մկնային մոդելներ, ինչպես նաև իմունոթերապիայի նկատմամբ դիմադրողականության հետ կապված գեների մասին հրապարակված տվյալներ։

Թիմը փորձարկել է ուռուցքները ապոպտոզի նկատմամբ ավելի զգայուն դարձնելու հնարավորությունը, որպեսզի վերականգնվի իմունոթերապիայի նկատմամբ դրանց ընկալունակությունը։ Բջջային և մկնային մոդելներում ապոպտոզի շեմի իջեցումը թույլ է տվել T-բջիջներին կրկին արդյունավետորեն ոչնչացնել քաղցկեղի բջիջները։ Մելանոմայի մկնային մոդելում մնացորդային ուռուցքին պրո-ապոպտոտիկ դեղամիջոցի ավելացումը կանխարգելել է կրկնությունը՝ իմունոթերապիայից հետո։ Հետազոտության ավագ հեղինակ, դոկտոր Ռոջեր Լոուի խոսքով, եթե վաղ փուլում միջամտություն կատարվի և թիրախավորվեն մնացորդային ուռուցքի մեջ գտնվող զարգացող դիմացկուն բջիջները, ապա հնարավոր կլինի երկարաձգել իմունոթերապիայի արդյունավետությունը մելանոմայով հիվանդների մոտ։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ առանձին բջիջների մակարդակով ուռուցքի էվոլյուցիայի հետևելը կարևոր է դիմացկունությունը հասկանալու համար։ Մեկ բջջի մակարդակով ամբողջ գենոմի սեքվենավորումը բացահայտել է, որ դիմացկունության հետ կապված որոշ գենետիկ փոփոխություններ արդեն առկա են եղել բջիջների փոքր ենթախմբերում՝ թերապիան սկսելուց առաջ։ Կրկնվող ուռուցքները պարունակում են հետերոգեն ենթակլոններ՝ գեների կրիտիկական պատճենների թվի տարբեր համակցություններով, ինչը նպաստում է բնական ընտրությանը և դիմացկունության զարգացմանը։

Ապագա հետազոտությունները կներառեն ավելի մեծ թվով հիվանդներ, նոր փորձարարական մոդելներ և լրացուցիչ գենոմային մեթոդներ։ Նախատեսվում է նաև կլինիկական փորձարկումների մշակում, որոնք ուղղված կլինեն մելանոմայի կրկնության հաճախականության նվազեցմանը։