Ծանր վերմակները՝ ապակե կամ պլաստիկե գնդիկներով լցված հաստ ծածկոցները, խոստանում են ազատել տագնապից և անքնությունից: Հայտնի անձինք և բլոգերները հավատացնում են, որ դրանց շնորհիվ ավելի խոր քուն են մտնում և ավելի հանգիստ են զգում իրենց: Սակայն գիտնականները զգուշացրել են. այդ ծածկոցների արդյունավետությունն այնքան էլ ակնհայտ չէ, որքան պնդում է գովազդը, գրում է The Conversation պորտալը:
Վերմակի գործողության սկզբունքը պարզ է՝ այն մարմնի վրա հավասարաչափ ճնշում է գործադրում՝ ստեղծելով գրկախառնության կամ պաշտպանության զգացողություն, մի ազդեցություն, որը մասնագետները «խոր շոշափողական խթանում»են անվանում: Սովորաբար, նման վերմակի քաշը կազմում է մարդու մարմնի զանգվածի մոտ 10%-ը:
Գիտական տվյալները մատնանշում են ծանր վերմակների օգուտները, սակայն վերապահումներով: Հոգեբուժական կլինիկայի 120 բուժառուի մասնակցությամբ մի հետազոտության մեջ ծանր վերմակներն օգնել են նվազեցնել դեպրեսիայից, անհանգստության խանգարումներից և ուշադրության պակասի ախտանիշից տառապող մարդկանց անքնությունը: Մյուս հետազոտությունները ցույց են տվել անհանգստության նվազում մասնակիցների մոտավորպես 60%-ի շրջանում:
Սակայն այս բոլոր հետազոտություններն անցկացվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում: Առողջ օգտատերերի համար արդյունավետության համոզիչ ապացույցներ չկան: Տեսությունները ցույց են տալիս, որ քնի կամ անհանգստության խնդիրներ չունեցող վերահսկիչ խմբերը վիճակագրորեն նշանակալի բարելավումներ չեն ցուցաբերում: Ավելին, հրապարակումների մոտ կեսը չի համապատասխանում խիստ որակի չափանիշներին, ինչը կասկածի տակ է դնում գովազդային պնդումների մասշտաբը։
Ընդսմին, ծանր վերմակները կարող են օգտակար լինել մարդկանց որոշակի կատեգորիաների, մասնավորապես բուժաշխատողների, օդաչուների և փրկարարների համար, որոնք աշխատում են հերթափոխով և ստիպված են քնել ցերեկը: Դրանք մարդկանց օգնում են հանգստանալ և ավելի արագ քուն մտնել: Բացի դրանից, գործում է նաև պլացեբոյի էֆեկտը (մարդու ինքանազգացողության բարելավումն այն բանի շնորհիվ, որ նա հավատում է որոշակի (իրականում բուժական արժեք չունեցող) բուժման տեսակի կամ նյութի ազդեցության արդյունավետությանը –խմբ.). եթե մարդն իսկապես ավելի հանգիստ է զգում ծանր վերմակի տակ, դա ինքնին բարելավում է քնի որակը։
Միևնույն ժամանակ, կան որոշ հակացուցումներ: Շնչառական համակարգի, սրտի հիվանդություններից, արյան շրջանառության խախտումներից, արյան բարձր ճնշսւմից, շաքարախտից կամ կլաուստրաֆոբիայից տառապող մարդիկ պետք է խորհրդակցեն բժշկի հետ: Երեխաների կամ այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում դուրս գալ վերմակի տակից խորհուրդ չի տրվում օգտագործել ծանր վերմակներ։
Մեծ հաշվով, մասնագետները ծանր վերմակները քնի բարելավման անվտանգ, բայց գերագնահատված միջոց են համարում: Դրանք չեն փոխարինում լիարժեք հանգստին, քնի հիգիենային կամ հոգեթերապիային, սակայն կարող են հաճելի լրացում դառնալ երեկոյան հանգստանալու արարողությանը:






