Միսիսիպիի համալսարանի ամերիկացի հետազոտողները ստեղծել են նոր գործիք, որն օգնում է հասկանալ, թե ինչպես են գեները և շրջակա միջավայրը միասին ազդում աուտիզմի սպեկտրի խանգարումների զարգացման վրա։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurotoxicology and Teratology ամսագրում։
Ծրագրի ղեկավար պրոֆեսոր Քորթնի Ռոփերը և նրա ասպիրանտուհի Շեյլա Վիկտորիան առաջարկել են այս կապն ուսումնասիրելու անսովոր միջոց՝ նրանք փորձերում օգտագործում են դանիո-ռերիոանունով փոքրիկ ակվարիումային ձկներ։ Այս ձկները հաճախ որպես մոդել են ծառայում մարդու կենսաբանությունն ուսումնասիրելու համար, քանի որ դրանց զարգացումը տեղի է ունենում արագ և հեշտությամբ է դիտարկվում մանրադիտակի տակ։
Գիտնականները հետազոտել են, թե ինչպես է դանիոյի սաղմերի վրա ազդում օդի աղտոտվածությունը, հատկապես քաղաքներում առաջացող մանրագույն մասնիկները։ Նրանց հաջողվել է ձկներին հաղորդել որոշակի գենետիկական առանձնահատկություններ, ապա վերահսկել աղտոտվածության ազդեցության աստիճանը՝ տեսնելու համար, թե կոնկրետ ինչպես են համակցվում ժառանգական և արտաքին գործոնները։
Հայտնի է, որ աուտիզմը չունի մեկ պատճառ. դա գեների, իմունային համակարգի, սնուցման և միջավայրի գործոնների բարդ փոխգործակցություն է։ Սակայն մինչ այժմ գոյություն չի ունեցել հարմար մոդել, որը թույլ կտա ստուգել, թե կոնկրետ ինչպես է «միջավայրը» ազդում արդեն նախատրամադրված օրգանիզմի վրա։ Նոր գործիքը հնարավորություն է տալիս դիտարկել դա կենդանի պայմաններում։
Մեթոդը փորձարկելու համար հետազոտողները օգտագործել են նատրիումի վալպրոատ, որը աուտիզմի հայտնի ռիսկի գործոն է: Այն օգտագործելով՝ նրանք ձկների մոտ առաջացրել են բնորոշ վարքային փոփոխություններ, որոնք նման են աուտիզմով մարդկանց մոտ դիտարկվողներին: Այնուհետև նրանք համեմատել են օդի աղտոտվածության ազդեցությունը այս ստանդարտի հետ: Թեև արդյունքները ուղղակի կապ չեն ցույց տվել, սակայն պարզ է դարձել, որ նրանք այժմ կարող են ճշգրիտ մոդելավորել և փորձարկել գենետիկայի և շրջակա միջավայրի տարբեր համադրությունները:
Գիտնականներն ընդգծում են, որ իրենց նպատակը այն չէ, որ ապացուցեն թե ինչպես է օդի աղտոտվածությունը աուտիզմ առաջացնում, այլ ստեղծել հուսալի գործիք, որը թույլ կտա հասկանալ, թե որ պայմաններում է ռիսկը մեծանում և ինչպես է հնարավոր այն նվազեցնել։ Ապագայում դա կօգնի մշակել կանխարգելման միջոցներ, հատկապես հղի կանանց և երեխաների համար, ովքեր գտնվում են աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող գոտիներում։
Այս նոր զարգացումը, այսպիսով, ճանապարհ է հարթում աուտիզմի պատճառների ավելի ճշգրիտ ըմբռնման համար և հույս է ներշնչում վաղ ախտորոշման և առավել խոցելի խմբերի պաշտպանության համար։






