Կոլխիցինը, որը հոդատապի բուժման մատչելի եւ հայտնի միջոց է, կարող է զգալիորեն նվազեցնել սրտի կաթվածի եւ ինսուլտի ռիսկը սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ: Այս եզրակացությանը գիտնականները հանգել են գրեթե 23 հազար պացիենտների տվյալները վերլուծելուց հետո: Արդյունքները հրապարակվել են Cochrane Database of Systematic Reviews (CDSR) ամսագրում:

Կոլխիցինը ավանդաբար օգտագործվում է հոդատապի բուժման համար՝ իր արտահայտված հակաբորբոքային հատկությունների շնորհիվ: Սակայն քրոնիկական ցածր աստիճանի բորբոքումը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը արագացնող եւ կրկնվող սրտային դեպքերի հավանականությունը մեծացնող հիմնական գործոնն է:

Վերլուծությունը ներառել է 12 պատահական վերահսկվող փորձարկումներ, որոնցում ացիենտները առնվազն վեց ամիս ընդունել են կոլխիցինի ցածր դեղաչափեր՝ 0.5 միլիգրամ օրական մեկ կամ երկու անգամ: Մասնակիցներն ունեցել են սրտի կաթվածի, ինսուլտի կամ սիրտ-անոթային հիվանդության ախտորոշում: Միջին տարիքը տատանվել է 57-74 տարեկան, մասնակիցների մոտս 80 տոկոսը տղամարդիկ էին: Կամավորների կեսը ստացել է կոլխիցին ստանդարտ թերապիայի հետ մեկտեղ, իսկ մնացածը՝ դատարկահաբ կամ միայն իրենց սովորական բուժումը: Արդյունքները նշանակալի էին. հազար պացիենտին բաժին է ընկել սրտի կաթվածի ինը դեպք եւ ութով պակաս ինսուլտի դեպքեր վերահսկիչ խմբերի համեմատ: Հետազոտողները որեւէ լուրջ կողմնակի ազդեցություն չեն հայտնաբերել: Միակ նկատելի կողմնակի ազդեցությունը թույլ աղեստամոքսային խանգարումն էր, որն արագ անցել է։

«Սիրտ-անոթային հիվանդություն ունեցող 200 հիվանդների շրջանում, երբ սովորաբար սպասվում էր մոտավորապես յոթ սրտի կաթված եւ չորս ինսուլտ, կոլխիցինի ցածր դեղաչափը կարողացել է կանխել այս դեպքերից մոտավորապես երկուսը»,- նշել է հետազոտության համահեղինակ, Գրայֆսվալդի բժշկական համալսարանի դոկտոր Ռամին Էբրահիմին: «Կոլխիցինը էժան, մատչելի եւ լավ ուսումնասիրված դեղամիջոց է, ինչն այն հարմար է դարձնում սիրտ-անոթային հիվանդությունների երկրորդային կանխարգելման համար, հատկապես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում»: