Ուրոլիտին A-ն, որը մետաբոլիտ է և առաջանում է աղիքում նռան ու ընկույզի օգտագործումից հետո, կարող է մեղմել իմունային համակարգի տարիքային փոփոխությունները։ Այս մասին է վկայում Nature Aging գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը։

Պատահականացված ուսումնասիրությանը մասնակցել են 50 մարդ, որոնք եղել են 45-70 տարեկան։ 28 օրվա ընթացքում կամավորներն ամեն օր ընդունել են 1000 մգ ուրոլիտին A կամ պլացեբո։ Բուժումը սկսելուց մեկ ամիս անց, այն մասնակիցների մոտ, ովքեր ստացել են ակտիվ նյութը, ավելացել է «նաիվ» CD8+ T-բջիջների քանակը։ CD8+ բջիջները ֆունկցիոնալ վիճակով երիտասարդ բջիջներ են, որոնց քանակը սովորաբար նվազում է տարիքի հետ։

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ առաջին խմբի փորձարկվողների իմունային բջիջները, ընդհանուր առմամբ, ցուցաբերում էին հյուծման ավելի քիչ նշաններ և անցնում էին ավելի «երիտասարդ» տիպի մետաբոլիզմի՝ ավելի ակտիվ կերպով օգտագործելով ճարպաթթուները որպես էներգիայի աղբյուր։

Մետաբոլիկ պրոֆիլավորումը և միաբջջային սեքվենավորումը հաստատել են, որ ուրոլիտին A-ն գործարկում էր միտոքոնդրիումների նորացումը և մոդուլացնում էր իմունային ուղիները, որոնք կապված են բորբոքման և ծերացման հետ։ Թեև փոփոխությունները համեմատաբար փոքր էին, գիտնականներն ընդգծում են դրանց կայունությունը և կենսաբանական նշանակությունը։

Հեղինակները նշում են, որ նույնիսկ կարճատև կուրսը ցույց է տվել իմունային համակարգի ծերացման գործընթացներին միջամտելու իրական ներուժ: Այնուամենայնիվ, երկարաժամկետ ազդեցությունը և գործնական կիրառելիությունը գնահատելու համար անհրաժեշտ են ավելի մեծ և երկարաժամկետ կլինիկական փորձարկումներ: