Գիշերը միացրած լույսի տակ քնելու սովորությունը խախտում է սիրտ-անոթային համակարգի կարգավորումը և բարձրացնում մետաբոլիկ խանգարումների ռիսկը։ Այս մասին Huffington Post պարբերականին տված հարցազրույցում պատմել է սրտաբան Էհիմեն Անենին (Նյու Հեյվենի Յեյլի համալսարանական հիվանդանոց)։

Մասնագետի խոսքով՝ նույնիսկ թույլ արհեստական լուսավորությունը գիշերը կարող է ակտիվացնել սիմպաթիկ նյարդային համակարգը։ Սա հանգեցնում է սրտի կծկումների հաճախականության բարձրացման և սրտի ռիթմի փոփոխականության նվազման։ Այդ ցուցանիշը կապված է սրտային հիվանդությունների ռիսկի հետ։

«JAMA Network Open ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լույսի ազդեցությունը ուժեղացնում է գլյուկոզայի գիշերային տատանումները և նվազեցնում ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Սա կարող է մեծացնել երկրորդ տիպի շաքարախտի և այլ մետաբոլիկ խանգարումների զարգացման հավանականությունը», - նշում է բժիշկը։

Փորձագետը հավելել է, որ արհեստական լույսը նաև կապված է մի շարք սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ, ներառյալ՝ սրտային անբավարարությունը, սրտի իշեմիկ հիվանդությունը, նախասրտերի ֆիբրիլացիան, միոկարդի ինֆարկտը և ինսուլտը։

Բժիշկը նաև նշել է, որ կանայք ավելի զգայուն են լուսավորության հետ կապված ցիրկադային ռիթմի խանգարումների նկատմամբ, քան տղամարդիկ: Նրա խոսքով՝ գիշերային հերթափոխով աշխատող կանայք սրտի անբավարարության ավելի բարձր հաճախականություն ունեն, քան տղամարդիկ:

Սրտաբանն ընդգծել է, որ մարդու օրգանիզմը էվոլյուցիոն առումով կարգավորված է մթության մեջ քնելուն, իսկ արհեստական լուսավորությունը խախտում է ցիրկադային ռիթմերը և խոչընդոտում կարգավորման համակարգերի լիարժեք վերականգնմանը։ Անենին խորհուրդ է տալիս բացառել ննջասենյակում ցանկացած լույսի աղբյուր, օգտագործել հաստ վարագույրներ և անջատել սարքերի լուսատու ինդիկատորները։