Հետազոտողները նկարագրել են դեպքեր, երբ իմունային համակարգը «գրավում» է ուղեղը՝ առաջացնելով լուրջ ճանաչողական և հոգեկան խանգարումներ, գրում է Associated Press-ը։
Սա տեղի է ունենում աուտոիմուն էնցեֆալիտի դեպքում՝ այն վիճակում, երբ իմունիտետը հարձակվում է ուղեղի սեփական բջիջների վրա։ Հիվանդների մոտ կարող են ի հայտ գալ հիշողության կորուստ, պսիխոզներ, նոպաներ, հանկարծակի գիտակցության խառնաշփոթություն՝ ախտանշաններ, որոնք զարգանում են բավականին հանկարծակի և կարող են նմանվել հոգեբուժական խանգարումների։
Նկարագրված հիվանդներից մեկը 72-ամյա Քրիստի Մորրիլն էր, որը հանկարծակի դադարեց հիշել իր կյանքի կարևոր պահերը, թեև փաստերի մասին գիտելիքները պահպանվել էին։ Արյան և ողնուղեղային հեղուկի վերլուծության միջոցով բժիշկները հայտնաբերեցին հակամարմիններ, որոնք ուղղված էին ուղեղի NMDA ռեցեպտորների դեմ․ հենց դրանք են առաջացնում բորբոքումը, որը խաթարում է նեյրոնների նորմալ աշխատանքը։
Աուտոիմուն էնցեֆալիտի տեսակները տարբերվում են հակամարմինների առանձնահատկությունից․ որոշները հարձակվում են հիշողության և էմոցիաների համար պատասխանատու հատվածների վրա, մյուսները՝ ուղեղի զգայական և շարժողական գոտիների։
Ներկայումս բուժումը ուղղված է բորբոքման նվազեցմանը․ կիրառվում են ստերոիդներ, արյունը վնասակար հակամարմիններից «մաքրող» դեղամիջոցներ, ինչպես նաև «առողջ» հակամարմինների ներարկումներ։
Հիվանդության հայտնաբերումը կարող է բարդ լինել, քանի որ ախտանշանները հաճախ ընկալվում են որպես հոգեբուժական խանգարումներ։ Այնուամենայնիվ, վաղ ախտորոշման և բուժման դեպքում հնարավոր է մասնակի կամ ամբողջական վերականգնում․ որոշ հիվանդներ վերադառնում են սովորական կյանքին, թեև մյուսների մոտ հիշողության կորուստները մնում են։
Գիտնականները մշտապես բացահայտում են նոր հակամարմիններ, որոնք կապված են այս հիվանդության հետ։ Դրա շնորհիվ աճում է ախտորոշման ճշգրտությունը և ի հայտ են գալիս ավելի նպատակային թերապիաներ, որոնք ոչ միայն ճնշում են բորբոքումը, այլև պայքարում կոնկրետ «մեղավորների» դեմ։






