Ջորջիայի համալսարանի գիտնականները ներկայացրել են Պարկինսոնի հիվանդության բուժման համար նախատեսված նոր «կենդանի» միկրոբիոմային դեղամիջոց. աղիների միջոցով ներմուծվող հատուկ գենետիկորեն մոդիֆիկացված պրոբիոտիկ բակտերիաներ, որոնք մշտապես սինթեզում են լևոդոպա՝ հիվանդության բուժման համար օգտագործվող հիմնական դեղամիջոցը: Այդ մշակումը հրապարակվել է Cell Host & Microbe բժշկագիտական  հանդեսում:

Պրոֆեսոր Անումանտա Կանացամիի գլխավորած թիմը օգտագործել է Escherichia coli Nissle 1917 շտամը, որը վաղուց հայտնի է որպես անվտանգ պրոբիոտիկ (probiotic- օրգանիզմի համար թերապևտիկ նպատակներով բավարար քանակությամբ ընդունվող սննդամթերք, օգտակար կենդանի միկրոկուլտուրաներ և կենսաբանորեն ակտիվ հավելումներ պարունակող միկրոօրգանիզմներ -խմբ.), և այն այնպես է վերածրագրավորել, որ բակտերիաները լևոդոպա արտադրեն անմիջապես աղիներում: Դա հնարավորություն է տալիս դեղամիջոցի անընդհատ մատակարարումը ուղեղին՝ խուսափելով դեղահաբերին բնորոշ կոնցենտրացիայի հանկարծակի կտրուկ տատանումներից:

Լևոդոպայի  դասական ընդունման դեպքում բուժառուները կարող են զգալ արդյունավետության «ալիքներ». բարձր չափաքանակից հետո ուղեղում դոֆամինի մակարդակը կտրուկ բարձրանում է, ապա ընկնում՝ անկանխատեսելի շարժիչ ախտանիշներ և, ժամանակի ընթացքում, դիսկինեզիաներ՝ անվերահսկելի շարժումներ առաջացնելով: Նոր ռազմավարության շնորհիվ այդ տատանումները նվազում են. աղիքներն իրենք են սինթեզում դեղը, և լևոդոպան կայուն կերպով մատակարարվում է։

Հետազոտողները նշում են, որ իրենց «կենդանի դեղամիջոցները» նոր դարաշրջան են բացում. դրանք սոսկ հերթական դեղագործական դեղամիջոց չեն, այլ կենդանի մանրէներ, որոնք ծառայում են որպես մինի-գործարաններ։ Նրանք հույս ունեն, որ դրանց մշակումը կարող է օգտակար լինել ոչ միայն Պարկինսոնի հիվանդության, այլև նեյրոհաղորդիչների անբավարարությանն առնչվող այլ խրոնիկական նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես դեմենցիաի դեպքում։