Գիտնականների միջազգային թիմը ներկայացրել է մինչ օրս ամենահամոզիչ ապացույցները, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն արդյունավետորեն կանխում է արգանդի վզիկի քաղցկեղը և նախաքաղցկեղային ախտահարումները, հատկապես, եթե այն կիրառվում է վիրուսի հետ առաջին շփումից առաջ: Հետազոտությունը հրապարակվել է Cochrane Library հանդեսում:

Հեղինակները նշել են, որ 16 տարեկանից առաջ պատվաստված աղջիկների շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վտանգը նվազում է 80%-ով: Ավելին, պատվաստանյութերն անվտանգության բարձր մակարդակ են ցուցաբերում. ամենատարածված կողմնակի ազդեցությունները կարճատև ցավն ու կարմրությունն են ներարկման տեղում:

Հետազոտողների առաջին վերլուծությունը ներառել է 60 պատահականացված փորձարկումներ, որոնց մասնակցել է ավելի քան 157 հազար մասնակից: Այն հաստատել է, որ բոլոր առկա՝ Cervarix, Gardasil և Gardasil-9 պատվաստանյութերը, հուսալիորեն պաշտպանում են մարդու պապիլոմավիրուսի բարձր ուռուցքածին տեսակներով վարակներից, որոնք առաջացնում են արգանդի վզիկի, հեշտոցի, ամոթույքի, հետանցքի և գլխի ու պարանոցի որոշ քաղցկեղներ:

Չնայած քաղցկեղի զարգացումը կարող է տարիներ տևել, հետազոտություններն արդեն ցույց են տվել նախաքաղցկեղային ախտահարումների (CIN2+ և CIN3+) հաճախականության կտրուկ նվազում 15-25 տարեկանների շրջանում, ինչպես նաև՝ HPV-ի հետ կապված հիվանդությունների վիրաբուժական բուժման անհրաժեշտության նվազում: Լուրջ կողմնակի ազդեցությունները հազվադեպ էին և տեղի էին ունենում մոտավորապես նույն հաճախականությամբ պատվաստված և չպատվաստված խմբերում։

Երկրորդ վերլուծությունը ներառել է տարբեր երկրների 225 հետազոտություն և ընդգրկել ավելի քան 132 միլիոն մարդու: Դրա արդյունքները ցույց են տվել, որ պատվաստումը զգալիորեն նվազեցնում է ինչպես նախաքաղցկեղային ախտահարումների, այնպես էլ արգանդի վզիկի քաղցկեղի հաճախականությունը։

Ամենաակնհայտ կանխարգելիչ ազդեցությունը նկատվել է նրանց շրջանում, ովքեր առաջին չափաքանակը ստացել են մինչև 16 տարեկանը: Այդ խմբերում քաղցկեղի ռիսկը նվազել է 80%-ով: