Պոլիֆենոլները հատապտուղների կազմում առկա հատուկ քիմիական միացություններ են, որոնք կարող են պահպանել ոսկրերի հանքային խտությունը և նվազեցնել ոսկրային հյուսվածքի բորբոքման մակարդակը։ Այսպիսին է Միլանի և Պավիայի համալսարանների գիտնականների հետազոտության եզրակացությունը, որի արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Գիտնականները վերլուծել են նախկինում հրապարակված 19 աշխատանքներ, որոնց թվում եղել են ինչպես կլինիկական հետազոտություններ, այնպես էլ կենդանիների և բջջային մոդելների վրա փորձեր։ Գլխավոր նպատակը եղել է հատապտղային միացությունների ազդեցությունը ոսկրերի վիճակի վրա գնահատելը։
Մասնավորապես, մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվել անտոցիանները, հաղորդում է Planet Today-ը։ Դրանք պոլիֆենոլների տեսակ են՝ բնական հակաօքսիդանտներ, որոնք պարունակվում են բույսերում և օգնում են պաշտպանել բջիջները բորբոքային և օքսիդատիվ սթրեսից։ Այս միացությունները հատապտուղներին հաղորդում են հագեցած կապույտ, մանուշակագույն և կարմիր երանգներ։
Նախկինում անցկացված հետազոտություններում նշվել էր անտոցիանների որոշակի դրական ազդեցությունը ոսկրերի հանքային խտության վրա։ Սակայն դրանք դիտողական աշխատանքներ էին, բացի այդ, արդյունքները տարբերվել են իրենց անկայունությամբ։
Լաբորատոր փորձերում ավելի վառ արտահայտված ազդեցություն է նկատվել։ Հատապտուղների էքստրակտները կարողացել են նվազեցնել օստեոկլաստների (ոսկրային հյուսվածքը քայքայող բջիջներ) ակտիվությունը։ Նաև դրանք ակտիվացրել են օստեոբլաստների (որոնք մասնակցում են դրա ձևավորմանը) գործունեությունը։ Եվ օգնել են պաշտպանել ոսկրերը բորբոքումներից և ազատ ռադիկալների ազդեցությունից։ Հեղինակներն ընդգծում են, որ ապացույցները դեռ քիչ են և դիտարկումները պետք է շարունակվեն ու ընդլայնվեն։ Բացի այդ, հատապտուղները չեն կարող լինել բուժման ինքնուրույն միջոց, դրանք ընդամենը օգնում են ավելի արդյունավետ դարձնել դեղորայքային թերապիան։






