Գիտնականները մշակել են պարզ բանաձև, որը հիմնված է արյան սովորական հետազոտության վրա և կարող է բացահայտել լյարդի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի ենթարկված բուժառուներին: SAFE score կոչվող այդ գնահատման մեթոդը հիմնված է հեշտությամբ հասանելի տվյալների վրա՝ բուժառուի տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, շաքարախտի առկայությունը, լյարդի ֆերմենտների մակարդակը, թրոմբոցիտների քանակը և գլոբուլինի կոնցենտրացիան:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում, ներառել է լյարդի տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցող մոտ 13 հազար բուժառուի: Հետազոտողները պարզել են, որ SAFE score-ի բարձր միավոր (100 կամ ավելի բարձր) ունեցող մարդկանց լյարդի քաղցկեղի վտանգը մոտ 7,5 անգամ ավելի բարձր են, քան ցածր միավորներ ունեցողները:
Ընդ որում, բանաձևն ապացուցել է իր համընդհանուր լինելը. այն հուսալիորեն գործում է անկախ լյարդի հիվանդության պատճառից՝ վիրուսային հեպատիտ, ալկոհոլի հետևանքով լյարդի վնասվածք կամ լյարդի ճարպային հիվանդություն: Ավելին, նույնիսկ ցիռոզ չունեցող, բայց լյարդի այլ խրոնիկական հիվանդություններ ունեցող բուժառուների մոտ SAFE score-ի բարձր միավորը քաղցկեղի զարգացման զգալի վտանգ է ցույց տալիս:
Հետազոտության հեղինակները համոզմունք են հայտնել, որ SAFE score միավորը կարող է կարևոր գործիք դառնալ կլինիկական պրակտիկայում: Այն օգնում է բժիշկներին հասկանալ, թե որ բուժառուներին է անհրաժեշտ հատկապես ուշադիր մոնիթորինգ և կանոնավոր հետազոտություններ՝ լյարդի քաղցկեղը վաղ, ավելի բուժելի փուլում հայտնաբերելու համար։






