«Nutrients» ամսագրում վերջերս հրապարակված ուսումնասիրությունը նվիրված էր այն բանին, թե ինչպես է կարճատև հերթականությամբ ծոմապահությունը (ADF — alternate-day fasting) ազդում առողջության և մարմնի կազմվածքի վրա և կարող է արդյոք լրացուցիչ սպիտակուցը կանխել մկանային զանգվածի կորուստը նման ռեժիմի ընթացքում։

Ճարպակալումը շարունակում է տարածվել ողջ աշխարհում. չափահասների մոտ 44%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 16%-ը՝ ճարպակալում։ Սինգապուրում այս ցուցանիշները գրեթե նույնն են։ Քաշի նվազեցման արդյունավետ եղանակների որոնման ֆոնին, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ընդմիջվող ծոմապահությունը (ինտերվալային). այն կապվում է նյութափոխանակության (մետաբոլիզմի), լիպիդային պրոֆիլի և սրտանոթային համակարգի վիճակի բարելավման հետ։ Նման մոտեցման տարբերակներից մեկը ADF-ն է, որի դեպքում սովորական սննդակարգի օրերը հերթագայվում են չափավոր սահմանափակումների օրերով, երբ թույլատրվում է ընդամենը մեկ փոքր չափաբաժնով կերակուր՝ 400–600 կկալ։

Սակայն, չնայած ADF-ի հայտնի առավելություններին, մնում է մի խնդիր. ճարպային զանգվածի հետ մեկտեղ, հաճախ կորչում է նաև մկանային զանգվածը։ Գիտնականները ցանկանում են պարզել, թե որքանով է արտահայտված այս նվազումը և արդյոք լրացուցիչ սպիտակուցը կարո՞ղ է մեղմել այս ազդեցությունը։

Հետազոտությանը մասնակցել են 21-35 տարեկան երիտասարդ ասիացի տղամարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 23-ից բարձր էր: Առաջին մասում մասնակիցները չորս շաբաթ հետևել են ADF-ին. ծոմ պահելու օրերին թույլատրվում էր միայն ջուր, կալորիականությամբ զերծ ըմպելիքներ և փոքր կեսօրվա կերակուր: Սնվելու օրերին սահմանափակումներ չկային: Փորձից առաջ և հետո մարմնի կազմը չափվել է կենսաէլեկտրական իմպեդանսի միջոցով, վերահսկվել են ֆիզիկական ակտիվության մակարդակը, արյան ճնշումը և ծոմ պահելու ընթացքում գլյուկոզի մակարդակը:

Երկրորդ մասում մասնակիցները պահպանել են նույն ռեժիմը, սակայն նրանց կեսը ծոմի օրերին ստացել է շիճուկային պրոտեինի փոքր չափաբաժին՝ 25 գրամ։ Սա թույլ է տվել ստուգել, թե արդյոք լրացուցիչ սպիտակուցը կօգնի՞ պահպանել մկանային զանգվածը, թե ոչ։

Ընդհանուր վերլուծության մեջ ներառվել է 37 մարդ։ Երկու խմբերում էլ մասնակիցները կորցրել են քաշ, ճարպային զանգված և նաև մկանային զանգված։ «Չոր մնացորդի» (fat-free mass), այսինքն՝ մասնավորապես մկանների կորուստը, հավաստի էր և բավականին նկատելի։ Միևնույն ժամանակ, փոքր քանակությամբ պրոտեինի ավելացումը չի տվել շոշափելի պաշտպանական ազդեցություն. խմբերի միջև տարբերություններ չեն հայտնաբերվել։

Հեղինակները ենթադրում են, որ 25 գրամ սպիտակուցը չափազանց քիչ է, որպեսզի փոխհատուցի դեֆիցիտը, իսկ սպիտակուցի մակարդակը սովորական «սնվող» օրերին ընդհանրապես չի վերահսկվել։ Հետևաբար, եզրակացությունը միանշանակ է. կարճատև հերթականությամբ ծոմապահությունը իսկապես նվազեցնում է քաշն ու ճարպը, բայց միաժամանակ նվազեցնում է նաև մկանային զանգվածը, իսկ սպիտակուցի ցածր չափաբաժինը չի կանխում մկանների կորուստը։

Գիտնականները նշում են, որ ապագա ուսումնասիրությունները պետք է ստուգեն սպիտակուցի կամ լեյցինի ավելի բարձր դոզաները՝ զուգակցված դիմադրողական մարզումների հետ. հենց այդպիսի համալիրն էլ հավանաբար կարողանա պահպանել կամ նույնիսկ ավելացնել մկանային զանգվածը նիհարելու ընթացքում։