Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները զգուշացնում են, որ սորբիտոլը՝ շաքարի փոխարինիչը, որը հաճախ հանդիպում է զրոյական կալորիականությամբ քաղցրավենիքներում, մաստակներում և դիետիկ բատոններում, այնքան էլ անվնաս չէ: Science Signaling ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սորբիտոլը կարող է մեծացնել լյարդի հիվանդությունների, այդ թվում՝ լյարդի ճարպային հիվանդության առաջացման ռիսկը:
Պարզվում է, որ սորբիտոլը կառուցվածքային առումով ընդամենը մեկ քայլ է հեռու ֆրուկտոզայից: Մեր աղիքներում (կամ նույնիսկ դրա մեջ պարունակվող մանրէների շնորհիվ) սորբիտոլը կարող է վերածվել ֆրուկտոզայի և վաղուց հայտնի է, որ ֆրուկտոզը վնասակար ազդեցություն ունի լյարդի վրա:
Կենդանիների վրա անցկացված փորձերը (ձկների մոդելով) ցույց են տվել, որ սորբիտոլի չափից ավելի քանակությամբ ստացման դեպքում՝ կա՛մ դրսից, կա՛մ երբ օրգանիզմն ինքն է վերակառուցում շաքարի փոխանակությունը, աղիքների պաշտպանիչ բակտերիաները չեն կարողանում դիմակայել։ Այդ դեպքում սորբիտոլը հայտնվում է լյարդում, այնտեղ վերածվում է ֆրուկտոզայի և դա սկսում է նպաստել լյարդում ճարպի կուտակմանը և դրա հյուսվածքների վնասմանը։
Արդյունքում պարզվում է, որ շաքարի փոխարինիչները, որոնց վրա շատերն են հույս դնում որպես քաղցրի «թեթև» տարբերակ՝ առանց շաքարի վնասի, կարող են «խաբեբայություն» լինել։ Այն, ինչ նախկինում համարվում էր անվտանգ, կարող է լյարդի համար ռիսկի կարևոր գործոն դառնալ, հատկապես, եթե մարդը հաճախ է օգտագործում «առանց շաքարի» մթերքներ։






