UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։

​ Gut Microbes բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունն առաջինն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են հարաբերությունների որակը ազդում ախորժակի, սննդային վարքագծի և մարմնի քաշի վրա՝ ուղեղի գործառույթը, նյութափոխանակությունը և օքսիտոցին հորմոնը, որը հայտնի է որպես «սիրո հորմոն»։ Գիտնականները ընդգծում են, որ մարդկային հարաբերությունների որակը կարող է նույնքան կարևոր լինել ֆիզիկական առողջության համար, որքան սննդակարգը և ֆիզիկական ակտիվության մակարդակը։

Հետազոտությանը մասնակցել է Լոս Անջելեսի գրեթե 100 բնակիչ։ Յուրաքանչյուր մասնակից տեղեկություն է տրամադրել իր ամուսնական կարգավիճակի, մարմնի զանգվածի ինդեքսի, տարիքի, սեռի, սնվելու կերպի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի մասին։ Նրանք ենթարկվել են համապարփակ գնահատման, ներառյալ ուղեղի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրությունը՝ սննդի պատկերները դիտելիս, պլազմայի վերլուծություն՝ օքսիտոցինի մակարդակը չափելու համար, կլինիկական հարցաթերթիկներ և կղանքի նմուշների միջոցով՝ միկրոբիոմի մետաբոլիտների վերլուծություն ։

Արդյունքները ցույց են տվել, որ ամուսնացած մասնակիցների շրջանում հարաբերություններում հուզական աջակցության ավելի բարձր մակարդակը կապված էր մարմնի զանգվածի ցածր ինդեքսի և սննդային կախվածության ավելի ցածր հակվածության հետ: Այդ մարդկանց մագնիսառեզոնանսային շերտագրությունը իմպուլսների վերահսկման և ախորժակի կարգավորման համար պատասխանատու դորսոլատերալ նախաճակատային կեղևն ավելի ակտիվ (DLPFC) աշխատանք է ցույց տվել: Ուղեղի նման օրինաչափությունները չամուսնացած մարդկանց շրջանում վառարտահատված չէին, ինչը հետազոտողները բացատրում են ամուսնությունից դուրս սոցիալական աջակցության ավելի անկայուն և բազմազան բնույթով։

Հուզական աջակցությունը կապված էր նաև աղիքային գործառույթի զգալի փոփոխությունների հետ: Ուժեղ սոցիալական կապեր ունեցող մասնակիցներն ունեին տրիպտոֆանի մետաբոլիտների ավելի բարենպաստ պրոֆիլներ՝ նյութեր, որոնք արտադրում են աղիքային մանրէները և ազդում իմունիտետի, բորբոքման, էներգետիկ հաշվեկշռի և նույնիսկ տրամադրության վրա: Պարզվել է, որ օքսիտոցինն այս շղթայի կենտրոնական տարրն էր. դրա մակարդակներն ավելի բարձր էին հուզականորեն միմյանց աջակցող ամուսինների մոտ: Գիտնականները ենթադրում են, որ օքսիտոցինը գործում է որպես կենսաբանական միջնորդ ուղեղի և աղիների միջև՝ միաժամանակ բարելավելով սննդի նկատմամբ տենչը վերահսկելու ուղեղի կարողությունը և պահպանելով առողջ նյութափոխանակության պրոֆիլը։

Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։ Ուժեղ հուզական աջակցությունը կարող է ամրապնդել ինքնատիրապետման համար պատասխանատու նեյրոնային շղթաները, այդպիսով նպաստելով առողջ քաշի պահպանմանը: Չնայած հետազոտությունը դեռևս թույլ չի տալիս ուղիղ պատճառահետևանքային կապ գտնել, այն ուղիներ է բացում է ճարպակալման կանխարգելման և բուժման նոր ռազմավարությունների համար, որտեղ հուզական և սոցիալական աջակցությունն առողջության անքակտելի մաս են համարվում: