Nutrients բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր մեծածավալ հետազոտությունը պարզել է, որ թեյի օգտագործումը կարող է կապված լինել տարեց կանանց մոտ ավելի ամուր և խիտ ոսկորների հետ, մինչդեռ սուրճի շատ մեծ քանակությունը կարող է վնասակար լինել ոսկորների առողջության համար: Այս արդյունքները 65 և բարձր տարիքի մոտ 10 հազար կանանց տվյալների վերլուծության արդյունք են, որոնց տասը տարվա ընթացքում հետևել են Study of Osteoporotic Fractures ուսումնասիրության շրջանակում:
Հետազոտողները չափել են ոսկրային հանքային խտությունը (BMD) ազդրոսկրի և ազդրոսկրի վզիկի հատվածներում. երկու կարևոր հատված, որոնք հատկապես ենթակա են օստեոպորոզի՝ միաժամանակ հետևելով, թե մասնակիցներն օրական որքան թեյ կամ սուրճ են խմում:
Հետազոտողները պարզել են, որ կանայք, որոնք պարբերաբար թեյ էին խմում, ազդրոսկրի հատվածում մի փոքր ավելի բարձր ոսկրային խտություն ունեին, քան նրանք, ովքեր թեյ չէին խմում: Չնայած այս տարբերությունը չափավոր էր, այն վիճակագրորեն նշանակալի էր, ինչը նշանակում է, որ այն, քիչ հավանական է, որ պատահականության արդյունք լինի, և ոսկրային խտության նման փոքր աճը կարող է երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել մարդկանց մեծ խմբերի կոտրվածքների վտանգը:
Սուրճի վերաբերյալ ընդհանուր եզրակացությունն ավելի բարդ էր. չափավոր օգտագործումը՝ օրական մոտ երկու-երեք բաժակ, կապված չէր ոսկրային առողջության վատթարացման հետ: Այնուամենայնիվ, օրական հինգ բաժակից ավելի խմելը կապված էր ոսկրային խտության նվազման հետ, ինչը ենթադրում է հնարավոր վնաս չափից շատ օգտագործելու դեպքում։
Հետազոտողները նաև նշել են, որ սուրճի ազդեցությունն ավելի ցայտուն էր այն կանանց դեպքում, որոնք կյանքի ընթացքում մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել, մինչդեռ թեյը կարող է հատկապես օգտակար լինել ճարպակալած կանանց համար: Հեղինակների կարծիքով, թեյի օգտակար ազդեցությունը կարող է պայմանավորված լինել կատեխինների և այլ միացությունների պարունակությամբ, որոնք, ինչպես ցույց են տվել լաբորատոր հետազոտությունները, կարող են նպաստել ոսկրերի ձևավորմանը և դանդաղեցնել ոսկրային կորուստը։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները չեն ենթադրում սովորությունների կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն. թեյի և սուրճի չափավոր օգտագործումը մնում է անվտանգ, բայց օրական մեկ բաժակ թեյը կարող է լինել պարզ լրացուցիչ միջոց՝ ոսկրերի առողջությունը պահպանելու համար տարեց տարիքում՝ կալցիումի և վիտամին D-ի ստանդարտ ընդունման հետ մեկտեղ:






