Նոր միջազգային հետազոտությունը պարզել է, որ 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ որովայնի ճարպակալման (որովայնի ավելորդ ճարպ) եւ մկանների կորստի համադրությունը կապված է մահվան ռիսկի զգալի բարձրացման հետ, գրել է Medical Xpress-ը։
Սան Կառլոսի դաշնային համալսարանի (Բրազիլիա) եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները վերլուծել են 12 տարվա ընթացքում ուսումնասիրությանը մասնակցած ավելի քան 5 400 մեծահասակների տվյալները եւ համեմատել են երկու հիվանդություններն ունեցողների եւ չունեցողների առողջության ցուցանիշները։
Արդյունքները ցույց են տվել, որ որովայնի ճարպակալում եւ ցածր մկանային զանգված ունեցող մարդկանց մոտ մահվան ռիսկը մոտ 83 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր երկուսն էլ չեն ունեցել։
Միայն ցածր մկանային զանգված ունեցող, բայց որովայնի զգալի ճարպակալում չունեցող մասնակիցների մոտ մահվան ռիսկը չափավոր բարձրացել է՝ մոտ 40 տոկոսով ավելի բարձր, մինչդեռ միայն որովայնի ճարպակալում, բայց նորմալ մկանային զանգված ունեցողների մոտ ռիսկի զգալի աճ չի նկատվել։
Որովայնի ավելորդ ճարպի եւ մկանների կորստի համադրությունը հայտնի է որպես սարկոպենիկ ճարպակալում: Այս վիճակը հատկապես տարածված է տարեցների մոտ եւ կապված է կյանքի որակի նվազման, ինքնավարության կորստի, ընկնելու բարձր ռիսկի եւ բազմաթիվ ուղեկցող հիվանդությունների հետ։
Սարկոպենիկ ճարպակալման վաղ հայտնաբերումը կարեւոր է, քանի որ այն կարող է լինել ավելի լուրջ նյութափոխանակության խանգարումների նշան։
Կլինիկական պրակտիկայի մարտահրավերներից մեկը սարկոպենիկ ճարպակալման ախտորոշման դժվարությունն է. ստանդարտ մեթոդները, ինչպիսին են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, համակարգչային տոմոգրաֆիան կամ բիոիմպեդանսային վերլուծությունը, ճշգրիտ են, բայց թանկ են եւ համընդհանուր հասանելիություն չունեն: Սակայն հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ պարզ չափումները, ինչպիսին են տղամարդկանց մոտ գոտկատեղի 102 սանտիմետրից մեծ շրջագիծը եւ կանանց մոտ 88-ից մեծը, եւ մկանային զանգվածի ինդեքսի հաշվարկը՝ օգտագործելով տարիքը, սեռը, քաշը եւ հասակը ներառող բանաձեւ, կարող են օգնել բացահայտել բարձր ռիսկի խմբում գտնվող անհատներին: Մասնագետներն ընդգծել են, որ ավելորդ ճարպի եւ մկանային զանգվածի նվազման համադրությունը մեծացնում է բորբոքումը եւ նյութափոխանակության խանգարումները, ինչը սրում է օրգանիզմի կուտակային վնասը եւ մեծացնում մահվան ռիսկը։
Սարկոպենիկ ճարպակալման վաղ հայտնաբերման համար պարզ սքրինինգային մեթոդների կիրառումը կարող է օգնել ժամանակին միջամտություններ սկսել, ինչպիսին են սննդակարգի փոփոխությունը եւ ֆիզիկական ակտիվությունը՝ այդպիսով բարելավելով տարեց մարդկանց կանխատեսումը եւ կյանքի որակը։






