Մեծ Բրիտանիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի գիտնականները բեկումնային հայտնագործություն են արել պլաստիկ թափոնների վերամշակման ոլորտում՝ ցույց տալով, որ սովորական կենցաղային պլաստիկը կարող է վերածվել ելակետային քիմիական միացությունների և կիրառվել դեղամիջոցների արտադրության համար, ներառյալ հակաքաղցկեղային և այլ կարևոր դեղեր։
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Angewandte Chemie International Edition ամսագրում, ցույց է տվել, որ պլաստիկ շշերը և պոլիէթիլենտերեֆտալատից (PET) պատրաստված տեքստիլը (փաթեթավորման մեջ օգտագործվող տարածված պլաստիկ տեսակ) կարող են քիմիապես վերամշակվել ռութենիումի հիմքով կիսահիդրման գործընթացի միջոցով:
Արդյունքում PET-ի բարդ պոլիմերային շղթաները քայքայվում են՝ վերածվելով ավելի պարզ նյութի՝ էթիլ-4-հիդրոքսիմեթիլբենզոատի (EHMB), որն արժեքավոր միջանկյալ բաղադրիչ է դեղերի սինթեզի համար։
Այս EHMB քիմիկատն օգտագործվում է որպես հիմնական «կառուցողական բլոկ» այնպիսի բժշկական պատրաստուկների ստեղծման համար, ինչպիսիք են Իմատինիբը (լայնորեն կիրառվում է քաղցկեղի որոշ տեսակների դեմ), Տրանեքսամաթթուն (օժանդակ միջոց արյան մակարդելիության համար), ինչպես նաև որոշ թունաքիմիկատների արտադրության համար։
Սովորաբար նման «կառուցողական բլոկները» ստացվում են նավթաքիմիական հումքից, ինչը կապված է շրջակա միջավայրի վրա մեծ ազդեցության և զգալի քանակությամբ թափոնների հետ։ Նոր մոտեցումը թույլ է տալիս հանածո հումքը փոխարինել պլաստիկ թափոններով, ինչը նվազեցնում է շրջակա միջավայրի վրա գործադրվող ճնշումը։
Բացի բժշկական կիրառություններից, հետազոտողները պարզել են, որ EHMB-ն կարող է օգտագործվել նաև նոր, վերամշակվող պոլիեսթեր ստեղծելու համար՝ ճանապարհ հարթելով դեպի առավել կայուն նյութեր/,
Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Ամիտ Կումարի խոսքով՝ այս հայտնագործությունը վերաիմաստավորում է պլաստիկը՝ որպես հեռանկարային հումք բարձրարժեք ակտիվ դեղագործական բաղադրիչների (API) և այլ քիմիական արտադրանքների ստացման համար: Պլաստիկի վերամշակման նման մոտեցումը կարող է նպաստել դեպի շրջանաձև տնտեսություն անցմանն արագացմանը, որտեղ թափոնները վերածվում են արժեքավոր ռեսուրսների, այլ ոչ թե պարզապես ուտիլիզացվում են:






