Աղիների բորբոքային հիվանդություններով (ԱԲՀ) պացիենտների մոտ արդեն իսկ հիվանդության սկզբնական փուլում տեղի են ունենում աղիքային միկրոֆլորայի կազմի զգալի փոփոխություններ։ Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը, որը միավորել է 11 երկրներից ավելի քան 1,7 հազար երեխաների և մեծահասակների տվյալները։ Աշխատանքը հրապարակվել է Gastroenterology ամսագրում։
Առաջին անգամ գիտնականները վերլուծել են մի քանի անկախ հետազոտությունների միկրոբիոմային «հում» տվյալները՝ կենտրոնանալով այն պացիենտների վրա, ում մոտ նոր է ախտորոշվել Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ՝ նախքան որևէ բուժում սկսելը։
Վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդության սկզբում աղիներում կտրուկ նվազում է օգտակար անաէրոբ բակտերիաների քանակը, որոնք մասնակցում են բարդ ածխաջրերի մարսմանը և օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ։ Միաժամանակ աճում է թթվածնի նկատմամբ կայուն բակտերիաների մասնաբաժինը, որոնցից շատերը սովորաբար բնակվում են բերանի խոռոչում, այնուհետև «գաղթում» դեպի աղիներ։
Աշխատանքի ղեկավարներից մեկի՝ գաստրոէնտերոլոգ Պիտեր Ռիմմերի խոսքով՝ նախկինում նման շեղումները միայն ենթադրական են եղել, սակայն հենց այս հետազոտությունն է առաջին անգամ դրանք ի հայտ բերել այսքան հստակ և անմիջապես միջազգային մասշտաբով։
Ստացված տվյալները հաստատում են այսպես կոչված «թթվածնային հիպոթեզը», ըստ որի՝ աղիքային հյուսվածքներում թթվածնի մակարդակի բարձրացումը խաթարում է միկրոբիոտայի հավասարակշռությունը և նպաստում բորբոքման զարգացմանը։ Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել աղիներում Granulicatella և Haemophilus ցեղի բակտերիաների հայտնվելուն, որոնք սովորաբար բնորոշ չեն այս միջավայրին և կարող են դառնալ թերապիայի նոր թիրախներ։
Հեղինակներն ընդգծել են, որ միկրոբիոմային փոփոխությունները տարբերվել են երեխաների և մեծահասակների մոտ, ինչպես նաև կախված են եղել բնակության տարածաշրջանից, ինչը վկայում է գլոբալ տվյալների բազաների և վերլուծության միասնական ստանդարտների անհրաժեշտության մասին։ Հետազոտողների կարծիքով՝ բացահայտված օրինաչափությունները հեռանկարում կարող են հիմք հանդիսանալ ԱԲՀ-ի ավելի վաղ ախտորոշման և բուժման նոր մոտեցումների մշակման համար, այդ թվում՝ ոչ դեղորայքային ձևով, որոնք ուղղված կլինեն միկրոբիոմի շտկմանը։






