Տոնական օրերին հանդիսությունները հաճախ հանգեցնում են ալկոհոլի օգտագործման աճի, ինչը մեծացնում է վնասվածքների ռիսկը, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, ընկնելու, այրվածքների, թունավորումների եւ միջանձնային բռնության։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի նոր՝ «Ալկոհոլի հետ կապված վնասվածքները ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում. հիմնական արդյունքների ամփոփում 2019թ․ տվյալների հիման վրա» փաստագրական թերթիկի համաձայն, տարածաշրջանում վնասվածքներից եւ բռնությունից մահվան յուրաքանչյուր երեք դեպքից մեկը պայմանավորված է ալկոհոլով։ Ոչ մի այլ հոգեակտիվ նյութ այդքան չի նպաստում ինչպես ոչ դիտավորյալ, այնպես էլ ոչ դիտավորյալ վնասվածքներին՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչեւ ինքնաոչնչացնող վարքագիծ։ Ալկոհոլը հատկապես լուրջ սպառնալիք է ներկայացնում երիտասարդների համար։
ԱՀԿ վերջին հասանելի տվյալների համաձայն՝ 2019թ․ տարածաշրջանում վնասվածքներից մահերի գրեթե 145 հազար դեպք կապված է եղել ալկոհոլի հետ։ Ինքնավնասումը, ճանապարհատրանսպորտային պատահարներից վնասվածքները եւ ընկնելը կազմել են այդ մահերի ամենամեծ մասը։
«Ալկոհոլը թունավոր նյութ է, որը ոչ միայն առաջացնում է յոթ տեսակի քաղցկեղ եւ այլ ոչ վարակիչ հիվանդություններ, այլեւ խաթարում է դատողությունը եւ ինքնատիրապետումը, դանդաղեցնում է ռեակցիաները, նվազեցնում կոորդինացիան եւ խթանում ռիսկային վարքագիծը»,- նշել է ալկոհոլի, ապօրինի թմրանյութերի եւ բանտային առողջության հարցերով ԱՀԿ տարածաշրջանային խորհրդական Կարինա Ֆերեյրա-Բորժեշը: «Ահա թե ինչու է այն այդքան հաճախ կապվում կանխարգելվող վնասվածքների եւ մահերի հետ»:
Ալկոհոլը տրավմատիկ մահերի կանխարգելվող հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում եւ զգալիորեն նպաստում է Եվրոպական տարածաշրջանում ընդհանուր մահացության ավելացմանը, որտեղ ալկոհոլի օգտագործումը մնում է ամենաբարձրն աշխարհում: Ալկոհոլը տարեկան մոտավորապես 800 հազար մահվան պատճառ է դառնում, ինչը կազմում է տարածաշրջանում յուրաքանչյուր 11 մահերից մեկը:
Ալկոհոլը սերտորեն կապված է բռնության եւ ագրեսիայի հետ: 2019թ․ մոտ 26 հազար 500 մահերի պատճառը միջանձնային բռնությունն է եղել, դրանց ավելի քան 40 տոկոսը կապված է եղել ալկոհոլի հետ: Այն նաեւ նպաստել է ինքնավնասման հետեւանքով բոլոր մահերի ավելի քան մեկ երրորդին:
ԱՀԿ-ն ընդգծել է, որ ալկոհոլի օգտագործման կրճատումը, հատկապես տոների շրջանում, կարող է զգալիորեն նվազեցնել ինչպես դիտավորյալ, այնպես էլ ոչ դիտավորյալ վնասվածքների ռիսկը եւ օգնել պաշտպանել անհատների եւ հանրույթների առողջությունը։






