Քլիվլենդի կլինիկայի գիտնականները պարզել են, որ անմիջապես չարորակ ուռուցքների հյուսվածքների ներսում ապրող բակտերիաները կարող են առանցքային դեր խաղալ այն հարցում, թե ինչու է գլխի և պարանոցի քաղցկեղ ունեցող որոշ պացիենտների մոտ օգտակար իմունոթերապիան, անօգուտ լինում շատ ուրիշների համար:
Երկու անկախ հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվել են Nature Cancer ամսագրում, ցույց են տվել, որ ուռուցքի միկրոմիջավայրում բակտերիաների մեծ քանակությունը ճնշում է օրգանիզմի իմունային պատասխանը և նպաստում գլխի և պարանոցի տափակաբջջային քաղցկեղով հիվանդների մոտ իմունոթերապիայի նկատմամբ կայունության առաջացմանը:
Թիմոթի Չանի և Նատալի Սիլվերի գլխավորած մասնագետների խումբը իրականացրել է պացիենտների ուռուցքների նմուշների համալիր վերլուծություն, ինչպես նաև նախակլինիկական մոդելների հետազոտություններ և խոշոր կլինիկական փորձարկումների տվյալների ուսումնասիրություն:
Արդյունքում պարզվել է, որ կարևորը ոչ թե բակտերիաների կոնկրետ տեսակն է, այլ հենց դրանց ընդհանուր քանակը ուռուցքի մեջ. որքան բարձր է բակտերիալ ծանրաբեռնվածությունը, այնքան թույլ է հակաուռուցքային իմունային պատասխանը՝ անկախ միկրոօրգանիզմների տեսակից: Փորձարարական մոդելում հակաբիոտիկների կիրառումը հանգեցրել է ուռուցքների չափերի փոքրացմանը և իմունային պատասխանի հզոր ուժեղացմանը, մինչդեռ բակտերիաների արհեստական ավելացումը ուռուցքները կայուն է դարձրել իմունոթերապիայի նկատմամբ:
Գիտնականները նաև վերլուծել են խոշոր կլինիկական հետազոտության III փուլի տվյալները, որտեղ գնահատվում է ստանդարտ քիմիաճառագայթային թերապիային իմունոթերապիա ավելացնելու ազդեցությունը։ Նրանք հայտնաբերել են, որ ուռուցքի մեջ բակտերիաների բարձր մակարդակ ունեցող պացիենտների մոտ իմունոթերապիայի արդյունքները զգալիորեն ավելի վատ են եղել՝ համեմատած սովորական բուժման հետ։ Սա մատնանշում է, որ ուռուցքի ներհյուսվածքային տարածության բակտերիալ միկրոֆլորան ընդունակ է փոխել իմունային «լանդշաֆտը» և խոչընդոտել ժամանակակից բուժման ազդեցությանը։
Մեխանիզմը, որով բակտերիաները թուլացնում են իմունային ակտիվությունը, կապում են նեյտրոֆիլների ներգրավման հետ։ Սրանք արյան սպիտակ բջիջներ են, որոնք կառավարում են բորբոքումն ու վարակների դեմ պայքարը։ Ուռուցքի պայմաններում այս բջիջները, թեև պայքարում են մանրէների դեմ, կարող են ճնշել հակաուռուցքային իմունիտետը՝ դրանով իսկ նվազեցնելով իմունոթերապևտիկ մոտեցումների արդյունավետությունը։
Այս հետազոտությունների հիման վրա արդեն սկսվել են նոր կլինիկական փորձարկումներ, որոնցում ստուգվում է՝ արդյոք հակաբիոտիկների օգնությամբ ուռուցքներում բակտերիալ ծանրաբեռնվածության նվազեցումը կարող է վերականգնել զգայունությունը իմունոթերապիայի նկատմամբ և բարելավել բուժման արդյունքները։ Այս բացահայտումը կարող է քայլ դառնալ դեպի անհատականացված ուռուցքաբանական թերապիա, որտեղ ուռուցքի միկրոբիոմի հաշվառումը կօգնի ընտրել լավագույն բուժման մեթոդները յուրաքանչյուր պացիենտի համար։






