Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն այսօր բավական տարածված է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ըստ տարբեր հաշվարկների՝ մարդկանց մոտ 20 տոկոսն այս անբուժելի եւ ծայրահեղ վտանգավոր հիվանդությամբ է տառապում:
Այս հիվանդության առաջացման պատճառների եւ ախտանիշների մասին լրագրողներին պատմել է ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հիմնական պատճառները
- Ծխախոտ: Ծխող մարդկանց՝ այս հիվանդությունը ձեռք բերելու հավականությունը բավական բարձր է:
- Վնասակար աշխատանքային պայմաններ: Հանքերում, փայտամշակման արտադրամասերում կամ այլ նման վայրերում աշխատող, քիմիկատների հետ գործ ունեցող մարդիկ նույնպես ռիսկի խմբում են: Աշխատավայրում վտանգավոր նյութերի մշտական ազդեցության պատճառով ոչ միայն թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն կարող է առաջանալ, այլեւ առողջական շատ այլ խնդիրներ:
- Ճառագայթում: Ռադիացիոն ճառագայթումը, եթե այն գերազանցում է թույլատրված նորմերը, նույնպես կարող է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն առաջացնել:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հիմնական ախտանիշները
Հիվանդության սիմպտոմները բավական նման են շատ այլ հիվանդությունների սիմպտոմներին.
- Քրոնիկ հազ;
- Հեւոց՝ նույնիսկ թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Ճիշտ ախտորոշում միայն բժիշկն է կարող իրականացնել՝ հիմնվելով մի շարք հետազոտությունների արդյուքների վրա:
Հիվանդության վաղ ախտորոշումը նկատելիորեն լավացնում է դրա դեմ պայքարի վերաբերյալ կանխատեսումները, սակայն խնդիրն այն է, որ, ինչպես Անդրանիկ Ոսկանյանն է նշել, շատերն անտեսում են այս ախտանիշները եւ բժիշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում եւ գրեթե ոչինչ հնարավոր չի լինում անել:






