Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ 80 տարեկանից բարձր բացառիկ մտավոր կարողություններ ունեցող մարդիկ, այսպես կոչված «սուպեր-ծերացողները» զգալի գենետիկ առանձնահատկություններ ունեն։ Դրանք տարբերում են նրանց իրենց հասակակիցների մեծամասնությունից և հնարավոր է, որ օգնում են պարզ միտք պահպանել ծերության ժամանակ։
Ավելի քան 18,000 մասնակիցների տվյալների լայնածավալ վերլուծության ընթացքում Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները կենտրոնացել են APOE գենի երկու տարբերակների վրա, որոնք կապված են Ալցհայմերի հիվանդության ռիսկի հետ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Alzheimer's & Dementia» ամսագրում։
APOE գենը լինում է տարբեր տեսակի, սակայն դրա երկու ձևերն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում՝ ε4-ը և ε2-ը։ ε4 տարբերակը վաղուց հայտնի է որպես Ալցհայմերի հիվանդության ուշ ձևի զարգացման գենետիկական ռիսկի ուժեղ գործոն, իսկ ε2-ը, ընդհակառակը, համարվում է պաշտպանիչ։ Այս աշխատության մեջ պարզվել է, որ «սուպեր-ծերացողները» շատ ավելի հազվադեպ են հանդիսանում «անցանկալի» ε4 տարբերակի կրողներ՝ համեմատած նույն տարիքի այն մարդկանց հետ, ովքեր արդեն ունեն դեմենցիա և նույնիսկ համեմատած առանց դեմենցիայի իրենց հասակակիցների հետ։ Մասնավորապես, սուպեր-ծերացողները 68%-ով ավելի հազվադեպ են եղել ε4-ի կրողներ, քան Ալցհայմերի հիվանդություն ունեցող մասնակիցները և 19%-ով ավելի հազվադեպ են կրել այն՝ համեմատած 80-ից բարձր տարիքի կոգնիտիվ նորմալ այլ անձանց հետ։
Էլ ավելի ուշագրավ է, որ սուպեր-ծերացողներն ավելի հաճախ են օժտված եղել «պաշտպանիչ» ε2 տարբերակով. նրանք 28%-ով ավելի մեծ հավանականությամբ են եղել ε2-ի կրողներ, քան կոգնիտիվ նորմալ տարեցները և 103%-ով ավելի հաճախ, քան նրանք, ում մոտ դեմենցիա է ախտորոշվել։ Սա առաջին խոշոր հետազոտությունն է, որը նման կապ է ցույց տվել ε2-ի և սուպեր-ծերացողի ֆենոտիպի միջև։
Հետազոտության մեջ «սուպեր-ծերացող» սահմանումը հիմնված է հիշողության համեմատության վրա. 80 և բարձր տարիքի նման մարդիկ ցուցաբերում էին հիշողություն, որը բնորոշ է իրենցից 20–30 տարով երիտասարդ անձանց: Հետազոտության մեջ հաշվի են առնվել տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ավելի քան հազար ոչ իսպանալեզու սպիտակամորթ և մի քանի հարյուր ոչ իսպանալեզու սևամորթ սուպեր-ծերացողներ, ինչպես նաև հազարավոր մասնակիցներ՝ Ալցհայմերի հիվանդությամբ և կոգնիտիվ նորմալ վիճակում գտնվող տարեցներ:
Հեղինակներն ընդգծում են, որ հայտնաբերված գենետիկական տարբերությունները ամբողջությամբ չեն բացատրում սուպեր-ծերացողների ֆենոմենը, ուղեղի առողջության վրա ազդում են նաև կենսակերպը և շրջակա միջավայրը: Այնուամենայնիվ, այս արդյունքները նոր հիմքեր են տալիս կարծելու, որ գենետիկան կարող է վճռորոշ դեր խաղալ մարդու ծերացման գործընթացում և նյարդադեգեներատիվ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության հարցում:






