Սոցիալական ցանցերի, տեսախաղերի և հոգեկան առողջության վատթարացման միջև կապը կարող է չափազանցված լինել, իսկ հնարավոր առավելությունները հաճախ մնում են անտեսված, այս մասին է վկայում նոր հետազոտությունը:
Մանչեսթերի համալսարանի նոր հետազոտությունը որևէ ապացույց չի հայտնաբերել այն մասին, որ սոցցանցերի ավելի ակտիվ օգտագործումը կամ ավելի հաճախակի տեսախաղեր խաղալը սրում են տագնապի կամ դեպրեսիայի ախտանիշները հաջորդ տարվա ընթացքում, փոխանցում է Euronews-ը:
Հետազոտողները հայտարարել են, որ այս արդյունքները կասկածի տակ են դնում տարածված այն տեսակետը, թե այս տեխնոլոգիաների հետ անցկացրած ժամանակն ինքնին վնասակար է: Նրանք ընդգծում են ավելի նուրբ մոտեցման անհրաժեշտությունը, որը հաշվի կառնի համատեքստը և դրանց օգտագործման անհատական առանձնահատկությունները:
«Մենք գիտենք, որ ընտանիքները մտահոգված են, սակայն մեր արդյունքները չեն հաստատում այն տեսակետը, թե սոցցանցերում կամ խաղերի վրա պարզապես ժամանակ անցկացնելը հանգեցնում է հոգեկան առողջության խնդիրների. ամեն ինչ շատ ավելի բարդ է», - նշել է հետազոտության առաջատար հեղինակ Ցիցի Չենը:
Journal of Public Health ամսագրում հրապարակված հետազոտությունը վերլուծել է 11-ից 14 տարեկան 25,000 աշակերտների տվյալները երեք ուսումնական տարիների ընթացքում՝ հետևելով սոցցանցերում նրանց սովորույթներին, խաղերի հաճախականությանը և այնպիսի ախտանիշներին, ինչպիսիք են տագնապն ու ընկճված տրամադրությունը:
Հետազոտական խումբը ստուգել է նաև, թե արդյոք ազդում է սոցցանցերի օգտագործման բնույթը (ակտիվ՝ օրինակ շփումը, թե պասիվ՝ «դումսքրոլինգը»), սակայն պարզել է, որ ընդհանուր պատկերը նույնն է: Թվում է, թե միայն օգտագործման սովորույթները չեն հանգեցնում հոգեկան առողջության հետ կապված դժվարությունների:
Հետազոտության մեջ ասվում է, որ սոցցանցերի հնարավոր բացասական հետևանքները հաճախ չափազանցված են ներկայացվում, մինչդեռ պոտենցիալ օգուտները, ինչպիսիք են սոցիալական կապերը, փորձի փոխանակումը և ինքնաարտահայտումը, շատ ավելի քիչ են ուսումնասիրված:
Մանչեսթերի համալսարանի թիմը նաև ուսումնասիրել է թեմայի վերաբերյալ նախկին հետազոտությունները, որտեղ հաճախ նշվում էր ուղղակի կապը սոցցանցերի օգտագործման, տեսախաղերի և հոգեկան առողջության խնդիրների միջև: Հետազոտողները նշել են, որ թեև ժամանակակից աշխատանքները կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչպես կարող են սոցցանցերն ու խաղերը նպաստել տագնապին և հոգեկան առողջության հետ կապված այլ վիճակներին, դրանք հաճախ անտեսում են այն հավանականությունը, որ կապը կարող է լինել նաև հակադարձ:
Հետազոտողների խոսքով՝ տագնապայնության կամ դեպրեսիայի ախտանիշներ ունեցող դեռահասները կարող են դիմել սոցցանցերին՝ սփոփանք գտնելու կամ տրամադրությունը կարգավորելու նպատակով, ինչպես նաև խաղալ՝ հուզական լարվածությունից շեղվելու համար:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդների ընտրությունը սոցցանցերի և խաղերի հարցում կարող է կախված լինել նրանց ինքնազգացողությունից և տրամադրությունից, բայց ոչ անպայմանորեն՝ հակառակը», - ասել է հետազոտության համահեղինակ Նիլ Համֆրին:
Նա հավելել է, որ տեխնոլոգիաներին մեղադրելու փոխարեն արժե կենտրոնանալ այն բանի վրա, թե երիտասարդներն ինչով են զբաղվում առցանց տիրույթում, ում հետ են շփվում և որքանով են իրենց պաշտպանված զգում առօրյա կյանքում:
Հետազոտությունն ունի սահմանափակումներ, որը հիմնված է ինքնագնահատման հարցումների վրա և օգտագործում է 12-ամսյա միջակայք չափումների միջև, ինչի պատճառով հնարավոր է՝ բաց թողնված լինեն կարևոր կարճաժամկետ հետևանքները:
Հետազոտողները նշում են, որ դեռահասների ներգրավվածությունը սոցցանցերում և խաղերում, ինչպես նաև նրանց հուզական վիճակները, զգալիորեն փոխվում են օրեցօր, իսկ երբեմն նույնիսկ՝ ամեն ժամ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի վերջին գնահատականների համաձայն՝ երեխաների և երիտասարդների հոգեկան առողջությունը ժամանակի ընթացքում վատթարանում է:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում ավելի քան 30 միլիոն երեխա և դեռահաս (0-ից 19 տարեկան), այսինքն՝ մոտավորապես յուրաքանչյուր յոթերորդը, ապրում է հոգեկան խանգարումով:
Գերատեսչությունը զգուշացնում է, որ ազդեցությունն այնքան մեծ է, որ հոգեկան խանգարումները և հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ պայմանավորված խնդիրները հանդիսանում են 0-ից 29 տարեկան անձանց հիվանդացության բեռի հիմնական պատճառը:
Դեռահասների շրջանում տարածվածությունն է՛լ ավելի բարձր է. յուրաքանչյուր հինգերորդն ունի հոգեկան խանգարում և վերջին 15 տարիների ընթացքում այս ցուցանիշն աճել է մոտ մեկ երրորդով:






