Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են Revoice կոչվող եզակի կրելի սարքը, որը կարող է արմատապես փոխել կաթվածից հետո խոսքի խանգարումներ (օրինակ՝ դիզարտրիա) ունեցող մարդկանց կյանքը։ Դիզարտրիան մի վիճակ է, որի ժամանակ դեմքի, բերանի և կոկորդի մկանները թուլանում են և մարդը չի կարողանում հստակորեն բարձրաձայն արտահայտել իր մտքերը։

Այս բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Ի տարբերություն ավանդական օժանդակ տեխնոլոգիաների, որոնք պահանջում են տառ առ տառ ներմուծում, հայացքի հետագծում կամ ուղեղի ինվազիվ իմպլանտներ, Revoice-ը մարմնի հազիվ նկատելի ազդանշանները իրական ժամանակում վերածում է լիարժեք և սահուն խոսքի։

Սարքը պատրաստված է փափուկ, ճկուն «չոկերի» տեսքով, որը դրվում է պարանոցին և հարմար է ամբողջ օրը կրելու համար։ Ներկառուցված գերզգայուն սենսորները որսում են կոկորդի մկանների միկրովիբրացիաները, որոնք առաջանում են նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը շրթունքները շարժում է առանց ձայնի, ինչպես նաև անոթազարկի ազդանշանները, որոնք օգտագործվում են հուզական վիճակը գնահատելու համար։ Այս տվյալները փոխանցվում են արհեստական բանականության համակարգին, որը բաղկացած է երկու մոդուլից. առաջինը մեկնաբանում է լռակյաց արտաբերման հատվածները և վերականգնում բառերը, իսկ երկրորդը վերլուծում է էմոցիաներն ու համատեքստը (օրինակ՝ օրվա ժամը կամ օգտատիրոջ տրամադրությունը), որպեսզի ինքնաշխատ կերպով կարճ արտահայտությունները վերածի լիարժեք, արտահայտիչ նախադասությունների։

Փոքրածավալ փորձարկման ընթացքում, որին մասնակցել է դիզարտրիա ունեցող հինգ պացիենտ, համակարգը ցուցադրել է սխալների շատ ցածր մակարդակ. առանձին բառերի մակարդակում սխալները կազմել են մոտ 4,2%, իսկ նախադասությունների մակարդակում՝ ընդամենը 2,9%։ Մասնակիցները նաև հայտնել են հաղորդակցությունից բավարարվածության մոտ 55% աճի մասին, քանի որ նրանց համար ավելի հեշտ է դարձել բարդ մտքեր արտահայտելը, այլ ոչ թե միայն առանձին բառեր հայտնելը։

Օրինակ՝ «We go hospital» կարճ արտահայտությունը, որն արտաբերվել է մտքում, համակարգի կողմից կարող է վերածվել ընդարձակ նախադասության՝ էմոցիաների և համատեքստի հստակեցմամբ, օրինակ՝ «Թեև արդեն ուշ է, բայց ես ինձ դեռ վատ եմ զգում, կարո՞ղ ենք հիմա հիվանդանոց գնալ»։ Սա հաղորդակցությունն ավելի բնական և մարդկային է դարձնում։

Հեղինակները նշում են, որ տեխնոլոգիան դեռևս գտնվում է նախատիպի փուլում, և անհրաժեշտ են ավելի մասշտաբային կլինիկական փորձարկումներ, բառապաշարի ընդլայնում, բազմալեզու աջակցություն և ինքնավար աշխատանք՝ առանց արտաքին սերվերների օգտագործման։ Այդուհանդերձ, սարքն արդեն իսկ մեծ ներուժ է ցուցադրում՝ սոցիալական փոխազդեցությունը հեշտացնելու, պացիենտների մեկուսացումը նվազեցնելու և կյանքի որակը կաթվածից ու այլ նյարդաբանական խնդիրներից հետո բարելավելու համար։