Գիտնականները պարզել են, որ երկու տարբեր տեսակի հիշողության վերականգնման մեջ՝ անձնական իրադարձություններ (դրվագային) և աշխարհի մասին ընդհանուր գիտելիքներ (իմաստային) ներգրավված են ուղեղի նույն հատվածները, ինչը մարտահրավեր է նետում այն ավանդական պատկերացմանը, թե այդ գործընթացները բոլորովին առանձին են գործում: Այդ արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Human Behaviour բժշկագիտական հանդեսում, կարող են փոխել մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է գործում մարդկային հիշողությունը և ազդել հիշողության խանգարումների վերաբերյալ հետազոտությունների վրա։
Դասականորեն սահմանված դրվագային հիշողությունը մարդուն հնարավորություն է ընձեռում հիշել իր կյանքից որոշակի իրադարձություն՝ որտեղ և երբ է այն տեղի ունեցել, և ինչ զգացմունքներ ու մանրամասներ են կապված այդ պահի հետ: Ի տարբերություն դրա, իմաստային հիշողությունը պատասխանատու է այն փաստերի և գիտելիքների համար, որոնք մենք ընկալում ենք որպես ընդհանուր ճշմարտություններ, օրինակ՝ առարկաների անունները, կանոնները կամ աշխարհագրական փաստերը, և որոնք որոշակի փորձի հետ կապված չեն: Գիտնականները սպասում էին, որ այս երկու տեսակի հիշողության համար ուղեղը տարբեր նեյրոնային ցանցեր է օգտագործում։
Նոթինգհեմի և Քեմբրիջի համալսարանների հետազոտողները վերլուծել են անձնական իրադարձություններ կամ փաստեր հիշող մասնակիցների ուղեղի ակտիվությունը։
Փորձի ընթացքում ֆունկցիոնալ մագինսառեզոնանսային շերտագրությունն օգտագործվել է պարզելու համար, թե ուղեղի որ հատվածներն են ակտիվ հիշողության յուրաքանչյուր տեսակի ընթացքում: Պարզվել է, որ երկու առաջադրանքների միջև ուղեղի ակտիվության մեջ գործնականում տարբերություն չկա. երկու դեպքում էլ նույն «հիշողության միջուկն» է ակտիվ եղել։
Արդյունքները զարմանալի են. գիտական գրականության մեջ երկար ժամանակ համարվում էր, որ դրվագային և իմաստային հիշողությունն առանձին ուղեղային համակարգեր են: Հեղինակները նշում են, որ ակտիվացման հստակ տարբերությունների բացակայությունը ենթադրում է, որ ուղեղը հիշողությունը մշակում է լայնորեն և ինտեգրված, այլ ոչ թե բոլորովին առանձին մեխանիզմներ է ակտիվացնում։
Այդ հայտնագործությունը կարող է հանգեցնել այնպիսի խանգարումների ավելի լավ ըմբռնման, ինչպիսիք են դեմենցիան և Ալցհայմերի հիվանդությունը, երբ հիշողության երկու տեսակներն էլ խանգարված են, և բուժման մեթոդների մշակման և հիշողության խանգարումներ ունեցող բուժառուներին աջակցելու նոր ուղիներ մատնանշել:






