Շշալցված ջրի որոշ ապրանքանիշեր զգալիորեն ավելի շատ միկրոպլաստիկ և նանոպլաստիկ են պարունակում, քան սովորական ծորակի ջուրը։ Նման եզրակացության են հանգել Օհայոյի պետական համալսարանի գիտնականները, որոնք մշակել են պլաստիկե ամենափոքր մասնիկները հայտնաբերելու նոր մեթոդ։ Հետազոտությունը հրապարակվել է Science of The Total Environment (STE) բժշկագիտական հանդեսում։
Միկրոպլաստիկները և նանոպլաստիկները սինթետիկ պոլիմերների փոքրիկ հատվածներ են, որոնք առաջանում են, երբ պլաստիկե փաթեթավորումը և այլ ապրանքներ քայքայվում են։ Այսօր դրանք հանդիպում են գրեթե ամենուր՝ օվկիանոսներից և բնահողերից մինչև օդ և խմելու ջուր։
Իրենց հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են Էրի լճի մոտ տեղակայված չորս ջրամաքրման կայաններից վերցված ջրի նմուշները, ինչպես նաև վեց հայտնի շշալցված ջրի ապրանքանիշերի ջուրը։ Նրանք պարզել են, որ շշերը միջինում երեք անգամ ավելի շատ նանոպլաստիկ մասնիկներ են պարունակում, քան ծորակի զտված ջուրը։
«Եթե մարդիկ ցանկանում են նվազեցնել օրգանիզմի վրա պոտենցիալ վնասակար նյութերի ամենօրյա ազդեցությունը, ամենապարզ քայլը շշալցվածի փոխարեն ծորակի ջուր խմելն է»,- պարզաբանել է բնապահպանական գիտությունների ասպիրանտ, հետազոտության առաջատար հեղինակ Մեգան Ջեյմիսոն Հարթը։
Գիտնականները նախկինում հետազոտել են խմելու ջրի մեջ առկա միկրոպլաստիկները, սակայն նանոպլաստիկներն իրենց չափազանց փոքր չափերի պատճառով երկար ժամանակ «անտեսանելի» են մնացել: Նոր հետազոտությունը կիրառել է սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի և ինֆրակարմիր ֆոտոթերմային սպեկտրոսկոպիայի համադրություն, ինչը հնարավորություն է տվել հայտնաբերել և նույնականացնել մասնիկները նանոմակարդակով։
Բոլոր հայտնաբերված մասնիկների կեսից ավելին նանոպլաստիկներ էին: Շշալցված ջրում, ինչպես և սպասվում էր, դրանց աղբյուրը ամենից հաճախ փաթեթավորումն էր: Իսկ ծորակի ջրում նանոպլաստիկների ծագումը առ այսօր անհասկանալի է։
Չնայած միկրոպլաստիկների և նանոպլաստիկների ազդեցությունը մարդու առողջության վրա լիովին հասկանալի չէ, գիտնականները նշում են, որ հենց ամենափոքր մասնիկներն են, որոնք կարող են թափանցել կենսաբանական արգելքների միջով և կուտակվել օրգանիզմի հյուսվածքներում։
«Մենք դեռևս չենք հասկանում նանոպլաստիկների ազդեցությանն առնչվող բոլոր վտանգերը, սակայն արդեն կան ապացույցներ, որ այն կարող է վնասակար լինել: Հետևաբար, իմաստ ունի փորձել նվազագույնի հասցնել ազդեցությունը»,- նշել է Հարթը։
Հեղինակներն ընդգծել են, որ նանոպլաստիկների ներառումը վերլուծություններում կարող է փոխել պլաստիկ աղտոտման մասշտաբի վերաբերյալ մեր պատկերացումները և օգնել ապագայում ավելի արդյունավետ ջրի մաքրման տեխնոլոգիաների մշակմանը։






