Գիտնականները հայտնել են նոր փորձնական դեղամիջոցի ստեղծման մասին, որը զգալիորեն նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը սրտի կաթվածի բարձր ռիսկի ենթարկված մարդկանց մոտ, նույնիսկ եթե նրանք արդեն ընդունում են ստատիններ: Հետազոտությունը հրապարակվել է New England Journal of Medicine (NEJM) ամսագրում:
Խոսքը վերաբերում է էնլիցիտիդ (enlicitide) դեղամիջոցին: Ի տարբերություն գոյություն ունեցող մեթոդների՝ այն խոլեստերինը հեռացնում է օրգանիզմից նույնքան արդյունավետ, որքան ժամանակակից ներարկումները, բայց դեղահաբերի տեսքով: Եթե դեղամիջոցը հաստատվի ԱՄՆ Սննդի եւ դեղերի վերահսկման վարչության (FDA) կողմից, այն կարող է դառնալ ներարկումների ավելի հարմար այլընտրանք միլիոնավոր հիվանդների համար:
Ստատինները մնում են թերապիայի հիմքը. դրանք ճնշում են խոլեստերինի սինթեզը լյարդում: Սակայն նույնիսկ առավելագույն դեղաչափերի դեպքում շատ պացիենտներ չեն կարողանում «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնել կլինիկական չափանիշներով խորհուրդ տրվող մակարդակների: Նման դեպքերում այժմ օգտագործվում են լրացուցիչ դեղամիջոցներ, այդ թվում՝ թանկարժեք ներարկումներ:
Նոր հետազոտությանը մասնակցել է սիրտ-անոթային բարձր ռիսկի ենթարկված ավելի քան 2 900 պացիենտ։ Նրանքց պատահական սկզբունքով բաժանել են երկու խմբի. մեկը ստանդարտ թերապիայի հետ մեկտեղ ստացել է էնլիցիտիդ, մյուսը՝ դատարկահաբ։ Վեց ամիս անց նոր դեղամիջոցն ընդունող հիվանդների մոտ «վատ» խոլեստերինի մակարդակը նվազել է 50-60 տոկոսով։
«Կան նաեւ այլ դեղահաբեր, որոնք կարող են ավելացվել ստատիններին, բայց ոչ մեկը չի ապահովում «վատ» խոլեստերինի նույնքան զգալի նվազում, որքան էնլիցիտիդը»,- ասել է հետազոտության ղեկավար, Տեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի սրտաբան Էնն Մարի Նավարը։
Արդյունքը պահպանվել է մեկ տարվա դիտարկումից հետո՝ միայն փոքր-ինչ նվազելով։ Խմբերի միջեւ անվտանգության տարբերություններ չեն հայտնաբերվել։ Միակ սահմանափակումն այն է, որ դեղամիջոցը պետք է ընդունվի դատարկ ստամոքսին։
Հետազոտությունը ֆինանսավորել է Merck ընկերությունը, որը պատրաստում է փաստաթղթեր FDA արագացված վերանայման գործընթացի համար: Նոր դեղամիջոցն արդեն ներառվել է առաջնահերթ փորձաքննության ծրագրում։
«Սրանք համոզիչ տվյալներ են «վատ» խոլեստերինի նվազման վերաբերյալ, որոնք համեմատելի են ներարկումների ազդեցության հետ, բայց մենք դեռ պետք է տեսնենք, թե արդյոք դա կազդի մահացության եւ սիրտ-անոթային դեպքերի վրա»,- նշել է Բոստոնի համալսարանի սրտաբան Ուիլյամ Բոդենը։
Առանձին հետազոտություն, որին մասնակցել է ավելի քան 14 հազար պացիենտ, արդեն մեկնարկել է, որի արդյունքները սպասվում են առաջիկա տարիներին։






