Գիտնականները նախկինում անհայտ բջջային պատնեշ են հայտնաբերել ուղեղում, որը նոր լույս է սփռում նրա վրա, թե ինչպես է ուղեղը պաշտպանված մարմնի մնացած մասից և ինչպես կարող է իմունային համակարգն ազդել դրա աշխատանքի վրա։
Ֆլանդրիայի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի և Գենտի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience հանդեսում։
Ուղեղն արտաքին սպառնալիքներից պաշտպանված է պատնեշների համակարգով, որը պահպանում է կայուն, խստորեն կարգավորվող միջավայր և կանխում վնասակար նյութերի և հարուցիչների ներթափանցումը։ Այդ պատնեշներից ամենահայտնին արյուն-ուղեղային պատնեշն է, սակայն մեկ այլ առանցքային միջերես է անոթացանցը՝ ուղեղի հեղուկային տարածություններում տեղակայված փոքր կառուցվածք, որը ողնուղեղային հեղուկ է արտադրում։
Գիտնականները անոթացանցի հիմքում բջիջների եզակի պոպուլյացիա են հայտնաբերել, որը նրանք բազալային պատնեշային բջիջներ են անվանել։ Այդ բջիջները փոխկապակցված են ամուր միացումներով՝ մոլեկուլային «դուրգամներով», որոնք կազմում են խիտ, հերմետիկորեն փակված կառուցվածք։ Հենց այդ կառուցվածքն է ապահովում ֆունկցիոնալ բաժանումը անոթացանցի, ուղեղի և ողնուղեղային հեղուկի միջև։
Ինչպես պարզաբանել է պրոֆեսոր Ռոոսմարեյն Վանդենբրուկեն, այդ հայտնագործությունը ցույց է տալիս, թե որքան խոցելի և միևնույն ժամանակ պաշտպանված է ուղեղը՝ բացելով նոր հնարավորություններ ուղեղի հիվանդությունների թիրախային միջամտությունների համար։
Հետազոտողները պարզել են նաև, որ այդ պատնեշն անփոփոխ չէ. սովորաբար այն արդյունավետորեն սահմանափակում է նույնիսկ փոքր մոլեկուլների շարժը անոթացանցից դեպի շրջակա ողնուղեղային հեղուկ և ուղեղի հյուսվածքներ։ Սակայն, համակարգային բորբոքման ժամանակ, օրինակ, ծանր վարակի պատճառով առաջացած բորբուքումը, պատնեշը կարող է թուլանալ՝ ինչը վնասակար նյութերին և բջիջներին կարող է թույլ տալ ներթափանցել կենտրոնական նյարդային համակարգ։
Հիմնական պատնեշային բջիջները ձևավորվում են զարգացման վաղ փուլում և պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները հաստատել են, որ նման բջիջներ առկա են և՛ մկների, և՛ մարդկանց շրջանում, ինչը հետազոտության արդյունքները դարձնում է հատկապես կարևոր մարդու առողջությունն ու հիվանդություններն ավելի խորությամբ ըմբռնելու համար։






