Բնական կամ սև ծաղիկը (variola) բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային ինֆեկցիա է, որը հարուցում են վիրուսների երկու տեսակ՝ Variola major և Variola minor: Երկար ժամանակ այն մնում էր Եվրոպայի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը. այն խլում էր յուրաքանչյուր երրորդ հիվանդի կյանքը, իսկ ողջ մնացածներին հաճախ զրկում էր տեսողությունից կամ դեմքի ու մարմնի վրա թողնում խորը սպիներ։
Մինչ պատվաստանյութի հայտնագործումը, բնական ծաղկի դեմ հասանելի և համեմատաբար արդյունավետ կանխարգելիչ միջոց էր համարվում վարիոլյացիայի ռիսկային գործողությունը՝ մարդու միտումնավոր վարակումը հիվանդի ծաղկախտային բշտիկների պարունակությամբ, հայտնում է Naked Science-ը։ Չնայած այն հանգամանքին, որ այս գործողությունը հաճախ հանգեցնում էր ծանր հիվանդության և մահվան, վարիոլյացիայից մահանալու հավանականությունը զգալիորեն ավելի ցածր էր, քան սև ծաղկից։
Բեկումնային պահը տեղի է ունեցել 1796 թվականին, երբ անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենները կատարել է իր հայտնի փորձարկումը։ Նա ութամյա Ջեյմս Ֆիփսին պատվաստել է կովի ծաղկի վիրուսով, որը մարդու մոտ ծանր հիվանդություն չի առաջացնում, իսկ որոշ ժամանակ անց փորձել է տղային վարակել բնական ծաղկով։ Սակայն փորձն անհաջող է անցել (վարակում տեղի չի ունեցել)։ Փորձարկումն ակնառու կերպով ցույց է տվել, որ իմունային համակարգը կարելի է «մարզել» անվտանգ եղանակով՝ նախապատրաստելով այն իրական հարուցչի հետ հանդիպմանը։
Այդպես ստեղծվեց աշխարհում առաջին պատվաստանյութը՝ վակցինան (լատիներեն vacca՝ «կով» բառից)։ Ջենների մեթոդը դարձել է ծաղկախտի դեմ տարած հաղթանակի բանալին։
19-րդ դարում բնական ծաղիկը մոլեգնում է եվրոպական բազմաթիվ քաղաքներում ու տարածաշրջաններում։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը բացառություն չի եղել։ 1758-1808 թվականներին հիվանդությունը քաղաքում ավելի քան 12 հազար մարդու կյանք է խլել։ Ջենների հայտնագործության լուրը դանիացի բժիշկներին շատ արագ է հասել և, այդ ժամանակաշրջանի առաջատար դանիացի բժիշկ Հենրիխ Կալիսենի խոսքերով, առաջացրել է «անհամբեր սպասում»։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակները պատվիրել են անմիջապես Անգլիայից՝ հենց Ջեններից, իսկ առաջին պատվաստումները ստացել են դանիացի դատավորի երեխաները։
Պատվաստված երեխաները չէին վարակվում նույնիսկ հիվանդ հարազատների հետ սերտ շփման դեպքում։
Այս դիտարկումները համոզել են իշխանություններին նոր մեթոդի արդյունավետության մեջ։ 1801 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան VII-ը հրամայել է ստեղծել պատվաստումների հանձնաժողով։ Այն զբաղվում էր պատվաստումների արշավի կազմակերպմամբ և պատվաստման ու հիվանդացության յուրաքանչյուր դեպքի հաշվառմամբ։
Դանիայի Ռոսկիլդեի համալսարանի հետազոտողների միջազգային թիմը՝ Անդրեաս Էյլերսենի գլխավորությամբ, վերլուծել է հանձնաժողովի արխիվները՝ բնական ծաղկով հիվանդացության մակարդակի վրա պատվաստանյութի ներդրման ազդեցությունը ուսումնասիրելու համար։ Նրանք պարզել են, որ մինչև 1810 թվականը Կոպենհագենի երեխաների 90 տոկոսը պատվաստված է եղել, ինչը Դանիան դարձրել է Եվրոպայում մեկ շնչի հաշվով պատվաստումների ամենաբարձր մակարդակ ունեցող երկիրը։ Պատվաստանյութի նման արագ ներդրման շնորհիվ սև ծաղիկը Կոպենհագենից անհետացել է պատվաստումների մեկնարկից ընդամենը յոթ տարի անց։
Ինչպես պարզել են գիտնականները, արագ հաջողության գաղտնիքը բացառիկ հասարակական համերաշխության և մի շարք մտածված քայլերի մեջ է եղել։ Նախ՝ պատվաստանյութն անվճար է առաջարկվել բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չէին վճարել դրա համար։ Սա վերացրել է հիմնական տնտեսական արգելքը։
Երկրորդ՝ արշավին ներգրավվել են ոչ միայն բժիշկները։ Վճռորոշ դեր են խաղացել քահանաներն ու դպրոցական ուսուցիչները, որոնք քարոզել են պատվաստումների օգտին և նույնիսկ անձամբ են պատվաստել երեխաներին։ Հանձնաժողովի տարեկան հաշվետվություններում նշվել են այն քահանաների ծառայությունները, որոնք շրջել են երկրով մեկ՝ պատմելով պատվաստանյութի մասին։ Այդպիսի հովիվներից մեկը մեկ տարվա ընթացքում պատվաստել է 1981 երեխայի։
Հետազոտության հեղինակները նշել են, որ իշխանությունները, բժշկական հանրույթը և եկեղեցին հանդես են եկել միասնական ճակատով և գործել են համաձայնեցված, ինչն օգնել է շահել բնակչության լայն շերտերի, այդ թվում՝ աղքատների վստահությունը։ Երբ ծաղիկը գրեթե անհետացավ, իշխանությունները վախեցան, որ մարդիկ կթուլանան և կդադարեն պատվաստել երեխաներին։ Որպեսզի դա տեղի չունենա, նրանք կանոն են սահմանել՝ քաղաքացիներից պահանջվել է ներկայացնել ծաղկի դեմ պատվաստված լինելու ապացույց՝ մի շարք քաղաքացիական և սոցիալական գործընթացներին մասնակցելու համար։ Օրինակ՝ կոնֆիրմացիայի (դեռահասների համար հավատի հաստատման եկեղեցական ծիսակարգ), դպրոց ընդունվելու կամ ամուսնանալու ժամանակ։ Սա պատվաստումը դարձրել է «կիսապարտադիր». ձևականորեն այն չէր պարտադրվում բացարձակապես բոլորին, սակայն առանց տեղեկանքի մարդը չէր կարող անցնել հասունացման կարևոր փուլերը և լիարժեքորեն ներգրավվել հասարակության մեջ։
Անշուշտ, պատվաստումը հանդիպել է առանձին քաղաքացիների դիմադրությանը, ինչը հանձնաժողովը վերագրել է «տգիտությանն ու նախապաշարմունքներին»։ Այնուամենայնիվ, ճնշող մեծամասնությունը պաշտպանել է նորամուծությունը։
19-րդ դարի սկզբի դանիական հաջողության օրինակը զարմանալիորեն երկարակյաց է ստացվել։ Այն ժամանակ դրված հասարակական վստահության սկզբունքը շարունակում է գործել նաև այսօր։ Ըստ Transparency International կազմակերպության կողմից ստեղծված Կոռուպցիայի ընկալման համաթվի (Corruption Perceptions Index)՝ Դանիան զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը՝ հանրային ինստիտուտների հանդեպ քաղաքացիների վստահության մակարդակով։
Հետազոտողները ենթադրել են, որ այս պատմական շարունակականությունը, հավանաբար, բացատրում է նաև երկրում երեխաների պատվաստման ներկայիս բարձր ցուցանիշները։ Օրինակ՝ դանիացի երեխաների գրեթե 96 տոկոսը ստանում է դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ պատվաստումներ։ Համեմատության համար՝ Միացյալ Նահանգներում, որոնք զբաղեցնում են ընդամենը 28-րդ տեղը պետական հատվածի նկատմամբ վստահության մակարդակով, այդ ցուցանիշը կազմում է մոտավորապես 80 տոկոս։






