Մագնեզիումի և ապիգենինի (երիցուկի մեջ պարունակվող բուսական ֆլավոնոիդ) համակցությունը կարող է երկարացնել քնի տևողությունը, ցույց է տվել մկների վրա կատարված փորձը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function (F&F) ամսագրում: Ըստ հեղինակների՝ բաղադրիչների համատեղ կիրառումն ավելի արդյունավետ է եղել, քան դրանցից յուրաքանչյուրի օգտագործումն առանձին-առանձին:

Բնականոն պայմաններում այս համակցությունը երկարացրել է քնի տևողությունը 44%-ով: Կոֆեինով հարուցված քնի խանգարումներ ունեցող կենդանիների մոտ արդյունքը կազմել է 32%, իսկ ինդուկցված անքնության մոդելի դեպքում՝ 37%: Ընդ որում, մագնեզիումը կամ ապիգենինն առանձին վերցրած նման արտահայտված արդյունք չեն տվել: Գիտնականները նշում են նաև սիներգետիկ ազդեցության մասին, որի համատեղ կիրառումն ավելի է ուժեղացրել արդյունքն, քան բաղադրիչների սպասվող գումարային ազդեցությունը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ այս համակցությունը նվազեցրել է նախաբորբոքային ցիտոկինների, այդ թվում՝ TNFα-ի մակարդակը ինչպես արյան մեջ, այնպես էլ հիպոթալամուսում՝ ուղեղի այն առանցքային գոտում, որը պատասխանատու է քնի և արթնության փուլերի համար: Նկատվել է նաև միկրոգլիայի ակտիվացման և նյարդաբորբոքման հետ կապված NF-κB ազդանշանային ուղու ճնշում, ինչը մատնանշում է քնի բարելավման հնարավոր հակաբորբոքային մեխանիզմը:

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունն իրականացվել է կենդանիների վրա, ուստի մարդկանց մոտ կլինիկական ազդեցության մասին խոսելը դեռ վաղ է: Այնուամենայնիվ, տվյալները թույլ են տալիս մագնեզիումի և ապիգենինի համակցությունը դիտարկել որպես քնի աջակցման պոտենցիալ բնական ռազմավարություն և հետագա կլինիկական հետազոտությունների առարկա: