Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ վարակիչ հիվանդությունների ծանր ընթացքի հավանականությունը 70 տոկոսով ավելի բարձր է. ցույց է տվել նոր հետազոտությունը:
Վարակիչ հիվանդությունից՝ օրինակ՝ գրիպից, COVID-19-ից, թոքաբորբից կամ գաստրոէնտերիտից հոսպիտալացվելու կամ մահանալու հավանականությունը ճարպակալում ունեցողների մոտ մեծանում է: Այս մասին ասվում է The Lancet ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
«Քանի որ ողջ աշխարհում սպասվում է ճարպակալման մակարդակի աճ, կավելանա նաև դրա հետ կապված վարակիչ հիվանդությունների պատճառով մահերի և հոսպիտալացումների թիվը»,- հայտարարել է հետազոտության հեղինակ Սոլյա Նյուբերգը Հելսինկիի համալսարանից:
Նա հավելել է, որ ծանր վարակների, ինչպես նաև ճարպակալման հետ կապված առողջական այլ խնդիրների ռիսկը նվազեցնելու համար խիստ անհրաժեշտ է առողջ ապրելակերպին և քաշի նվազեցմանը նպաստող քաղաքականություն, այդ թվում՝ մատչելի առողջ սննդի հասանելիություն և ֆիզիկական ակտիվության հնարավորություններ, հայտնում է Euronews-ը: Հետազոտության շրջանակում վերլուծվել են Ֆինլանդիայի ավելի քան 67,000 և բրիտանական UK Biobank տվյալների բազայի ավելի քան 470,000 չափահասների տվյալները՝ ճարպակալման և ծանր վարակիչ հիվանդությունների միջև կապն ուսումնասիրելու համար:
Գիտնականները հետազոտության սկզբում չափել են մասնակիցների մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) և նրանց բաժանել երեք խմբի՝ նորմալ քաշ ունեցողներ, ավելցուկային քաշ ունեցողներ և ճարպակալում ունեցողներ:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ցանկացած վարակիչ հիվանդությունից հոսպիտալացվելու կամ մահանալու ռիսկը ճարպակալում ունեցողների մոտ 70 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նորմալ քաշ ունեցողների մոտ:
«Մեր եզրակացությունն այն մասին, որ ճարպակալումը վարակիչ հիվանդությունների լայն շրջանակի համար ռիսկի գործոն է, հուշում է, որ այստեղ կարող են ներգրավված լինել ընդհանուր կենսաբանական մեխանիզմներ»,- հայտարարել է հետազոտության ղեկավար Միկա Կիվիմակին Լոնդոնի համալսարանական քոլեջից:
Ըստ նրա, միանգամայն հնարավոր է, որ ճարպակալումը թուլացնում է իմունային համակարգի՝ վարակիչ բակտերիաներից, վիրուսներից, մակաբույծներից կամ սնկերից պաշտպանվելու ունակությունը, ինչը կարող է հանգեցնել հիվանդությունների ավելի ծանր ընթացքի:
Միևնույն ժամանակ Կիվիմակին նշել է, որ այս կապերի հիմքում ընկած մեխանիզմները հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:
Հետազոտությունն ունի նաև սահմանափակումներ: Քանի որ այն դիտողական բնույթ է կրում, հայտնաբերված կապերը չեն կարող ուղղակիորեն դիտարկվել որպես պատճառահետևանքային: Հեղինակները նաև մատնանշել են, որ քանի որ վերլուծությունը հիմնվել է ՄԶԻ-ի ցուցանիշի վրա, այն լիարժեքորեն հաշվի չի առել այլ ասպեկտներ, ինչպիսիք են ճարպային հյուսվածքի բաշխումը կամ նյութափոխանակության խանգարումները: