Մետեորիզմն օրգանիզմի բնական երևույթ է, սակայն երբեմն այն կարող է անհանգստություն պատճառել կամ ազդարարել աղեստամոքսային համակարգի խանգարումների մասին, հետևաբար՝ դառնալ կարևոր ախտանիշ: Այնուամենայնիվ, մինչև վերջերս «նորմալ» գազագոյացման ծավալը հստակ սահմանված չէր: Ինչպես Scientific American-ին տված հարցազրույցում խոստովանել է Մերիլենդի համալսարանի գիտնական Բրենթլի Հոլը. «Մենք չգիտենք, թե հատկապես որն է գազագոյացման (ֆլատուս) նորման: Առանց ելակետային տվյալների դժվար է ասել՝ կոնկրետ մարդու մոտ մետեորիզմը դուրս է գալիս սահմաններից, թե ոչ»:

Ի պատասխան բժիշկների հարցման, Հոլի թիմը՝ համալսարանի բջջային կենսաբանության և մոլեկուլային գենետիկայի ամբիոնից, մշակել է Smart Underwear-ը՝ մետեորիզմի չափման առաջին դյուրակիր սարքը, հայտնում է Euronews-ը: Այն աննկատ ամրանում է ներքնազգեստին և էլեկտրաքիմիական սենսորների օգնությամբ շուրջօրյա գրանցում աղիքներում գազերի առաջացումը: Փորձարկման արդյունքները հրապարակվել են Biosensors and Bioelectronics ամսագրում: Սենսորներն առողջ չափահասի մոտ օրական արձանագրել են գազերի արտահոսքի միջինը 32 դրվագ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է բժշկական գրականության մեջ նշվող 14 ± 6 դրվագը: Ընդ որում, ըստ հետազոտողների, անհատական տատանումները խիստ մեծ են՝ օրական 4-ից մինչև 59 դրվագ:

«Օբյեկտիվ չափումը մեզ թույլ է տալիս բարձրացնել գիտական ճշգրտությունն այն ոլորտում, որը երկար ժամանակ դժվարհասանելի է եղել ուսումնասիրության համար»,- նշել է Հոլը:

Հետազոտությանը մասնակցել է 38 կամավոր. նրանք սարքից օգտվել են արթուն ժամանակ մեկ շաբաթ շարունակ և սկզբում պահպանել են բջջանյութի ցածր պարունակությամբ հատուկ դիետա: Փորձի կեսից մասնակիցների կեսի սննդակարգում ավելացրել են բջջանյութ՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում գազագոյացման վրա (դրա արդյունքում մետեորիզմն ուժեղացել է): Գիտնականները նշում են, որ ամենօրյա գազագոյացման հաճախականության լայն տիրույթը կասկածի տակ է դնում այն ենթադրությունը, թե «մարդու ֆիզիոլոգիան բնութագրվում է մեկ միջին արժեքով»:

Ոգևորվելով առաջին փորձի հաջողությամբ՝ թիմը հայտարարել է «Մարդու մետեորիզմի ատլասի» ստեղծման նախաձեռնության մասին: Դրա նպատակն է ստեղծել բնակչության շրջանում գազագոյացման մասին տվյալների հսկայական բազա՝ համադրելով հարյուրավոր օրինաչափություններ մասնակիցների սննդակարգի և միկրոբիոտայի կազմի հետ:

«Մենք լավ գիտենք, թե ինչ միկրոբներ են ապրում աղիքներում, բայց այնքան էլ շատ բան չգիտենք այն մասին, թե կոնկրետ ինչ են նրանք անում յուրաքանչյուր պահի»,- ասել է Հոլը:

Ըստ փորձագետների, նման հետազոտությունները կարող են նպաստել աղիքային հիվանդությունների բուժման ավելի արդյունավետ մեթոդների մշակմանը: