Չիկագոյի Իլինոյսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քաղցկեղի բուժման համար արդեն իսկ հաստատված դոքսորուբիցին դեղամիջոցը կարող է վերաթիրախավորվել հասարակ հերպեսի վիրուսի (HSV-1) դեղակայուն շտամների դեմ պայքարում։ Այս մասին նշված է Drug Resistance Updates ամսագրում հրապարակված հոդվածում։

HSV-1 վիրուսը սովորաբար առաջացնում է շրթունքների ցան և հազվադեպ է վտանգ ներկայացնում առողջ մարդկանց համար, սակայն թույլ իմունիտետ ունեցող պացիենտների, այդ թվում՝ քաղցկեղով հիվանդների դեպքում, վարակը կարող է հանգեցնել ուղեղի ծանր բորբոքման և օրգանների անբավարարության։ Հատկապես վտանգավոր են այն շտամները, որոնք կայուն են ստանդարտ բուժման՝ ացիկլովիրի նկատմամբ։

Վիրուսաբան Դիպակ Շուկլայի գլխավորած խումբն օգտագործել է իրենց լաբորատորիայում 2024 թվականին մշակված HerpDock թվային գործիքը։ Այն վերլուծում է հազարավոր քիմիական միացություններ և առանձնացնում հերպեսի դեմ պոտենցիալ ակտիվ նյութերը։ Ծրագիրը մատնանշել է դոքսորուբիցինը, որը վաղուց կիրառվում է ուռուցքաբանության մեջ»։

Դոքսորուբիցինի առանցքային առավելությունն այն է, որ այն արդեն հաստատված է կարգավորող մարմինների (FDA) կողմից, ուստի դրա անվտանգության պրոֆիլն ու դեղաչափերը լավ ուսումնասիրված են։ Սա կարող է արագացնել դեղամիջոցի մուտքը կլինիկական կիրառություն՝ հերպեսով հիվանդների բուժման համար։

Լաբորատոր փորձարկումների ժամանակ դոքսորուբիցինն արդյունավետորեն արգելափակել է HSV-1 վարակը տարբեր մոդելներում՝ մարդու բջջային կուլտուրաներում, հյուսվածքային մոդելներում և մկների վրա։ Այն ակտիվություն է ցուցաբերել նաև ացիկլովիրի նկատմամբ կայուն շտամների դեմ։

Ազդեցության մեխանիզմն այստեղ ավանդական իմաստով հակավիրուսային չէ։ Դոքսորուբիցինն ուղղակիորեն չի թիրախավորում վիրուսը. փոխարենը այն ընկճում (ինհիբիացնում) է PI3K–AKT–mTOR ազդանշանային ուղին, որն օգտագործում է վիրուսը բջիջներ ներթափանցելու և բազմանալու համար

Գիտնականները նաև պարզել են, որ դոքսորուբիցինի և ացիկլովիրի համակցումն ուժեղացնում է բուժիչ ազդեցությունը։ Ընդ որում՝ այս համադրությունը թույլ է տալիս նվազեցնել ացիկլովիրի դեղաչափը, ինչը կարող է նվազեցնել կողմնակի ազդեցությունների ռիսկը, օրինակ՝ երիկամների վնասումը։

Հետազոտության համահեղինակ Պանկաջ Շարմայի խոսքով՝ այս բացահայտումը «արագ իրագործելի ուղի» է տալիս հերպեսի բարդ դեպքերի բուժման համար։ Այն կարող է կանխել վարակի ծանր հետևանքները և բարելավել բուժման արդյունքները պացիենտների համար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ քաղցկեղով հիվանդների, ովքեր արդեն իսկ ստանում են դոքսորուբիցին։