Nature Microbiology բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխության հետ կապված երաշտի աճը կարող է նպաստել հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողական մանրէների, այսպես կոչված «սուպերմանրէների» տարածմանը:
Գիտնականները կենտրոնացել են էկոհամակարգերում կարևոր դեր խաղացող հողի մանրէների վրա, որոնք միաժամանակ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության գեների կարևոր աղբյուր են:
Պարզվել է, որ երաշտի պայմաններում հողում մեծանում է բնական հակաբիոտիկների՝ այն նյութերի կոնցենտրացիան, որոնք միկրոօրգանիզմներն իրենք են օգտագործում միմյանց դեմ պայքարելու համար:
Արդյունքում, զգայուն մանրէները մահանում են, մինչդեռ դիմացկունները գոյատևում և դառնում են գերիշխող:
Այսպիսով, երաշտը գործում է որպես մի տեսակ «էվոլյուցիոն զտիչ», արագացնելով դիմադրողականության տարածումը:
Ի լրումն դրա, հետազոտությունը պարզել է, որ հողի չորացման հետ մեկտեղ հակաբիոտիկների արտադրությանն ու դիմադրողականությանն առնչվող գեների քանակը մեծանում է:
Լաբորատոր պայմաններում գրանցվել է զգայուն մանրէների «հարմարվածության» կտրուկ նվազում, մինչդեռ դիմացկուն շտամները մնացել են գործնականում անփոփոխ:
Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ դիմադրության գեները կարող են փոխանցվել տարբեր մանրէների, դրանց թվում՝ հարուցիչների միջև՝ հորիզոնական գեների փոխանցման միջոցով։
Դա նշանակում է, որ հողում զարգացող դիմադրողականությունը կարող է տարածվել մարդկանց հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմների վրա։
116 երկրներից ստացված տվյալների վերլուծությունը բացահայտել է չորության մակարդակի և կլինիկական նմուշներում դիմադրողական մանրէների հայտնաբերման հաճախականության միջև վիճակագրական փոխադարձ կապը։
Թեև պատճառահետևանքային կապը հետագա հետազոտություն է պահանջում, միտումը մտահոգիչ է թվում. որքան չոր է կլիման, այնքան բարձր է հակաբիոտիկային դիմադրողականության տարածման վտանգը։
Հակաբիոտիկային դիմադրողականությունն արդեն համարվում է համաշխարհային առողջության խոորագույն սպառնալիքներից մեկը. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ միայն 2019 թվականին այն ավելի քան 1,27 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել և նպաստել ևս միլիոնավոր մարդկանց մահվանը։






