Mayo Clinic-ի հետազոտողները ստեղծել են փորձարարական նանոթերապիա, որը երկու հակաքաղցկեղային դեղամիջոց է հասցնում անմիջապես ուղեղի ուռուցքներին, այս մասին հաղորդվում է Communications Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Գլիոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևի նախակլինիկական մոդելներում այս ռազմավարությունը զգալիորեն երկարացրել է կյանքի տևողությունը:
Նանոտեխնոլոգիաների վրա հիմնված այս մեթոդը երկու արդեն իսկ գոյություն ունեցող դեղամիջոցներ է տեղադրում փոքրիկ մասնիկների մեջ, որոնք ընդունակ են հաղթահարել պաշտպանիչ արյունաուղեղային պատնեշը և հասնել ուռուցքային բջիջներին: Պացիենտներից վերցված հյուսվածքների վրա կատարված փորձարկումներում նանոթերապիայի և ճառագայթման համակցումը կրկնապատկել է ապրելիության ցուցանիշը (համեմատած առանց բուժման հսկիչ խմբի հետ):
Գլիոբլաստոման չափազանց դժվար է բուժվում: Նույնիսկ վիրահատության, ճառագայթման և քիմիոթերապիայի դեպքում ախտորոշումից հետո կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 15 ամիս: Շատ դեղամիջոցներ վատ են հասնում ուղեղի ուռուցքին, իսկ նրանք, որոնք հասնում են, հաճախ կորցնում են արդյունավետությունը դիմադրողականության (ռեզիստենտության) զարգացման պատճառով:
Նոր մեթոդիկան օգտագործում է լիպիդային կրիչներ՝ լիպոսոմներ, որպեսզի էվերոլիմուս (կամ ռապամիցին) և վինորելբին դեղամիջոցների համակցումը հասցնի ուղղակիորեն քաղցկեղային բջիջներին։ Երկու դեղամիջոցների միաժամանակյա մուտքը նույն բջջի մեջ թույլ է տալիս ուժեղացնել ուռուցքի ոչնչացումը և նվազեցնել բարձր դեղաչափերի դեպքում առաջացող թունավոր ազդեցությունները։
«Գլիոբլաստոման չափազանց դժվարաբուժելի է մնում՝ դեղորայքային դիմադրողականության և դեպի ուղեղ դեղերի սահմանափակ հասանելիության պատճառով», — ասում է Ֆլորիդայի Mayo Clinic-ի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր և հետազոտության առաջատար հեղինակներից մեկը՝ Դեբաբրատա Մուկխոպադհայը: «Մեր մոտեցումը ուղղակիորեն թիրախավորում է ուռուցքը և համակցում է թերապիան այնպես, որպեսզի առավելագույնի հասցնի դրա արդյունավետությունը»:
Համակցված թերապիան ազդում է ուռուցքի աճի ուղիների վրա և խաթարում քաղցկեղի՝ ԴՆԹ-ն վերականգնելու ունակությունը՝ բարձրացնելով ճառագայթման նկատմամբ ուռուցքի զգայունությունը:
Այս մեթոդը կարող է հեռանկարային ուղղություն դառնալ գլիոբլաստոմայի բուժման և դեպի ուղեղ նոր հակաքաղցկեղային դեղամիջոցների մատակարարման տեխնոլոգիաների զարգացման գործում: Նախքան կլինիկական փորձարկումների մեկնարկը, շարունակվում են անվտանգության և դեղաչափերի լրացուցիչ հետազոտությունները: Հաջողության դեպքում թերապիան կարող է կիրառվել բերանացի (օրալ) կամ ներերակային դեղամիջոցի տեսքով:
«Թեև աշխատանքը դեռևս մշակման փուլում է, սա կարևոր քայլ է քաղցկեղի բուժման ավելի ճշգրիտ և պակաս տոքսիկ մեթոդների ստեղծման ուղղությամբ, ինչը կարող է բարելավել պացիենտների կյանքի որակը», — հավելում է դոկտոր Մուկխոպադհայը:
Հետազոտությունը մասնակիորեն ֆինանսավորվել է ԱՄՆ Նյարդաբանական խանգարումների և ինսուլտի ազգային ինստիտուտների կողմից (դրամաշնորհի համարը՝ R01NS129671):






