Դրեքսելի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ավելի ու ավելի շատ դեռահասներ կախվածություն են ձեռք բերում արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտներից, ինչը մտահոգություններ է առաջացնում դեռահասների հոգեկան առողջության և առօրյա կյանքի վրա ազդեցության առնչությամբ։
Գիտնականների գնահատմամբ՝ ԱՄՆ-ում դեռահասների կեսից ավելին պարբերաբար Character.AI, Replika և Kindroid նման ուղեկցող հավելվածներ են օգտագործում, որոնք նախատեսված են հաղորդակցությունը և հուզական աջակցությունը մոդելավորելու համար: Թեև այդ ծառայությունները նախատեսված են զվարճանքի և աջակցության համար, դրանց օգտագործումը կարող է անառողջ կախվածության վերածվել։
Հետազոտողները վերլուծել են Reddit-ում 13-17 տարեկան օգտատերերի ավելի քան 300 գրառում, որոնք տարածվել են Character.AI-ի օգտագործման իրենց փորձով: Շատ դեռահասներ սկզբում դիմում էին չաթբոտներին հուզական աջակցության, միայնության կամ զվարճանքի համար, սակայն ժամանակի ընթացքում նրանց մոտ վարքային կախվածության նշաններ են զարգացել: Որոշ դեպքերում դա հանգեցրել է քնի խանգարումների, դպրոցում առաջադիմության խնդիրների և իրական կյանքում սոցիալական հարաբերությունների վատթարացման։
Գիտնականները նույնականացրել են վարքային կախվածության բոլոր վեց հիմնական բաղադրիչները՝ կարևորություն, չեղարկման համախտանիշ (դեղամիջոցի ընդունման դադարեցման կամ նվազեցման ժամանակ օրգանիզմի արձագանք, որը դրսևորվում է բուժառուի վիճակի վատթարացմամբ -խմբ.), հանդուրժողականություն, կրկնություն (ռեցիդիվ), ընդհարում և տրամադրության փոփոխություն:
Դեռահասները նկարագրել են չաթբոտների նկատմամբ հուզական կապվածությունը, տագնապը, երբ դրանք անհասանելի էին, իսկ դրանց օգտագործումը դադարեցնելու բազմիցս փորձերը, ի վերջո վերադառնալով հավելվածին։
Փորձագետները նշում են, որ արհեստական բանականության ուղեկիցները տարբերվում են նախորդ տեխնոլոգիաներից իրենց ինտերակտիվությամբ, անհատականացմամբ և հուզական կարեկցությամբ, ինչի պատճառով դրանք ընկալվում են որպես հարաբերություններ, այլ ոչ թե գործիքներ։ Դա ավելի դժվարացնում է դրանց օգտագործումից հրաժարվելը։
Հետազոտությունն ընդգծում է նման համակարգերի ավելի անվտանգ նախագծման անհրաժեշտությունը։ Առաջարկվող միջոցառումները ներառում են օգտագործման ժամանակի մոնիթորինգ, հուզական ստուգումներ, հասանելիության սահմանափակումներ և չաթբոտներից աստիճանաբար հրաժարվելու հարմար եղանակներ։ Շեշտվում է նաև հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին ծառայությունների մշակման գործում ներգրավելու կարևորությունը։
Թեև արհեստական բանականության ուղեկիցները կարող են աջակցություն ցուցաբերել, գիտնականները զգուշացնում են, որ առանց պատշաճ սահմանափակումների դրանք կարող են նպաստել անառողջ հուզական կախվածությունների, հատկապես դեռահասների շրջանում։






