Ճապոնացի գիտնականները պարզել են, որ միտորուբին միացությունը կարող է դանդաղեցնել սրտի գործառույթների տարիքային անկումը և նույնիսկ մասնակիորեն վերականգնել դրանք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Գակուսյուին համալսարանի պրոֆեսոր Շիգերու Յանագիին։

Հետազոտողները ուսումնասիրել են միտորուբինի՝ բնական բերբերին միացության հիման վրա ստեղծված փորձարարական նյութի ազդեցությունը։ Վերջինս կիրառվում է բժշկության մեջ և պարունակվում է այնպիսի բույսերում, ինչպիսիք են կծոխուրը, սնդրուկը և ամուրյան թավշածառը։ Պատրաստուկը փորձարկվել է մկների բջիջների վրա, որպեսզի կարողնան հասկանալ, թե ինչպես է այն ազդում բջջային էներգետիկայի վրա։

Գիտնականների խոսքով՝ տարիքի հետ միտոքոնդրիումների քանակը նվազում է, իսկ դրանց գործառույթները թուլանում են, ինչը բացասաբար է անդրադառնում սրտամկանի վիճակի վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ միտորուբինը բարձրացնում է MITOL մոլեկուլների մակարդակը։ Դրանք պատասխանատու են միտոքոնդրիումների «որակի վերահսկման» համար և նպաստում են դրանց քանակի ավելացմանը։

Արդյունքում ուժեղանում է բջիջների՝ էներգիա արտադրելու կարողությունը, ինչն, ըստ փորձի տվյալների, օգնել է դանդաղեցնել սրտի աշխատանքի տարիքային վատթարացումը և նույնիսկ մասնակիորեն վերականգնել դրա գործառույթները։

Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ արդյունքները դեռևս ստացվել են միայն կենդանական մոդելների վրա։ Մարդկանց համար մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար կպահանջվեն լրացուցիչ հետազոտություններ։

Աշխատանքի հեղինակները նշում են, որ միտոքոնդրիումների ակտիվության նվազումն ընկած է բազմաթիվ տարիքային հիվանդությունների հիմքում, իսկ միտորուբինի հետագա ուսումնասիրությունը կարող է արագացնել սրտանոթային խանգարումների թերապիայի նոր մոտեցումների ստեղծումը։