American Journal of Preventive Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կանեփի միկրոդոզավորումը (փոքր չափաբաժիններով օգտագործումը) շատ ավելի տարածված երևույթ է դարձել, քան կարծում էին նախկինում: Հարցման տվյալներով՝ ԱՄՆ-ում մեծահասակների մոտ 9,4%-ը (մոտ 24 միլիոն մարդ) կյանքում գոնե մեկ անգամ օգտագործել է կանեփ:
Միկրոդոզավորում ասելով հասկանում ենք նյութի շատ փոքր քանակությամբ ընդունումը՝ սովորաբար ստանդարտ չափաբաժնի 1/5-ից մինչև 1/20 մասը: Նպատակն է խուսափել վառ արտահայտված հոգեմետ (ֆիզիկական հարբեցման) ազդեցությունից, բայց պահպանել ենթադրյալ «մեղմ» օգտակար հետևանքները, ինչպիսիք են տրամադրության բարելավումը կամ տագնապայնության նվազումը:
Հետազոտությունը պարզել է, որ կանեփը առաջատար տեղ է զբաղեցնում միկրոդոզավորման համար օգտագործվող նյութերի շարքում՝ զգալիորեն գերազանցելով պսիլոցիբինին, ԼՍԴ-ին և ՄԴՄԱ-ին: Միևնույն ժամանակ, վերջինիս կանոնավոր օգտագործումն ավելի հազվադեպ է հանդիպում. մեծահասակների մոտ 3,3%-ը հայտնել է, որ ներկայումս շարունակում է օգտագործել կանեփի միկրոդոզավորումը:
Հետաքրքիր է, որ դրդապատճառները տարբերվում են՝ կախված օգտագործվող նյութից։ Կանեփը հիմնականում կիրառվում է «գործնական» նպատակներով՝ այնպիսի վիճակներ կառավարելու համար, ինչպիսիք են տագնապը, դեպրեսիան կամ քրոնիկ ցավերը։ Մինչդեռ պսիխոդելիկների դեպքում միկրոդոզավորումն ավելի հաճախ արվում է հաճույքի կամ ժամանցի ավելի մեղմ փորձառություն ստանալու համար։
Մեկ այլ կարևոր եզրահանգում էլ վերաբերում է հոգեկան առողջությանը։ Այն մարդիկ, ովքեր իրենց վիճակը գնահատում են վատ, զգալիորեն ավելի հաճախ են դիմում միկրոդոզավորման։ Օրինակ՝ նմանատիպ զգացողություն ունեցողների շրջանում կանեփն այս ձևաչափով օգտագործողների մասնաբաժինը հասնում է մոտ 21%-ի, մինչդեռ գերազանց ինքնազգացողություն ունեցողների մոտ այդ ցուցանիշը ընդամենը 8% է։
Այնուամենայնիվ, հեղինակներն ընդգծում են, որ չնայած աճող հետաքրքրությանը, միկրոդոզավորման օգտակարության մասին գիտական տվյալները դեռևս սահմանափակ են ու հակասական։ Առկա հետազոտությունների մեծ մասը միանշանակ պատասխան չի տալիս, թե արդյո՞ք նմանատիպ փորձերը իրականում բարելավում են հոգեկան վիճակը։ Բացի այդ, մնում են նաև այլ ռիսկեր՝ ոչ ճիշտ չափաբաժնից մինչև բուն նյութերի որակը։






