Գիտնականները երկար ժամանակ ենթադրում էին, որ անդրոգենները՝ արական սեռական հորմոնները (օրինակ՝ տեստոստերոնը), կարող են նպաստել ուռուցքների աճին, քանի որ քաղցկեղի որոշ տեսակների դեպքում դրանք ընդունակ են ճնշել իմունային պատասխանը։ Սակայն Քլիվլենդի կլինիկայի Ջասթին Լատիայի անվան լաբորատորիայի նոր հետազոտությունն այլ տեսակետ է առաջ քաշում։ Տեստոստերոնը կարող է տղամարդկանց մոտ դանդաղեցնել գլիոբլաստոմայի աճը։
Nature ամսագրում հրապարակված աշխատությունը ցույց է տալիս, որ տեստոստերոնի արգելափակումն արագացնում է ուռուցքների աճը։
Սա համահունչ է գլիոբլաստոմա ունեցող արական սեռի պացիենտների շրջանում նկատվող միտումներին։ Բացի ուռուցքաբանության մեջ տեստոստերոնի դերի վերանայումից, արդյունքներն ընդգծում են, որ ուռուցքի տեղակայումը առանցքային դեր է խաղում այն հարցում, թե ինչպես են հորմոններն ազդում քաղցկեղի զարգացման վրա։
Հայտնի է, որ գլիոբլաստոման ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ և նրանց մոտ ընթանում է ավելի ագրեսիվ ձևով։ Որպես հնարավոր պատճառներ դիտարկվում են սեռական քրոմոսոմների և սեռական հորմոնների՝ էստրոգենի ու տեստոստերոնի ազդեցությունը։
Հետազոտական խումբը՝ անասնաբուժական բժշկության դոկտոր (DVM), փիլիսոփայության դոկտոր (PhD) Յուջուեն Լիի ղեկավարությամբ, աշխատանքը սկսել է հետևյալ հարցադրմամբ. արդյո՞ք արական հորմոնները օգնում են օրգանիզմին պայքարել ուղեղի ուռուցքների դեմ, թե՞, ընդհակառակը, խոչընդոտում են այդ գործընթացին:
Ինչպես նշում է Լին, նախկինում քաղցկեղի այլ տեսակների՝ թոքերի, միզապարկի և մելանոմայի հետազոտություններում տեստոստերոնը հիմնականում դիտարկվում էր որպես իմունիտետը ճնշող և ուռուցքի աճն արագացնող գործոն: Սակայն գլիոբլաստոմայի պարագայում արդյունքները լրիվ հակառակն են եղել:
Նախակլինիկական մոդելներում ցույց է տրվել, որ տեստոստերոնի մակարդակի նվազման կամ արգելափակման դեպքում գործարկվում է շղթայական ռեակցիա. բարձրանում է սթրեսի հորմոնների մակարդակը, ճնշվում է իմունային բջիջների ակտիվությունը և ուժգնանում ուղեղի բորբոքումը, ինչը վերջնարդյունքում պայմաններ է ստեղծում ուռուցքի արագացված աճի համար:
Գիտնականներն այս գործընթացը կապում են միկրոգլիայի՝ ուղեղի իմունային բջիջների հետ։ Բնականոն վիճակում տեստոստերոնը կարգավորում է դրանց ակտիվությունը։ Դրա պակասի դեպքում միկրոգլիան գործարկում է բորբոքային գործընթացներ, որոնք ակտիվացնում են հիպոթալամուս-հիպոֆիզ-մակերիկամ համակարգը և առաջացնում համակարգային սթրեսային ռեակցիա (թուլացնելով իմունիտետը)։
Հետազոտողները նշում են, որ ի տարբերություն քաղցկեղի այլ տեսակների, որտեղ անդրոգենների արգելափակումը կարող է ուժեղացնել իմունային պատասխանը, գլիոբլաստոմայի պարագայում ազդեցությունը հակառակն է։ Սա ընդգծում է, որ հորմոնների ազդեցությունը կախված է ոչ միայն քաղցկեղի տեսակից, այլև դրա տեղակայումից, ներառյալ նյարդային համակարգի հետ փոխազդեցությունը։
Լրացուցիչ տվյալները ցույց են տվել, որ գլիոբլաստոմա ունեցող տղամարդկանց մոտ նկատվում է T-բջիջների (հակաուռուցքային իմունիտետի առանցքային տարրերի) տարիքային նվազում, ինչը կարող է կապված լինել հորմոնալ փոփոխությունների հետ։
Ուռուցքաբանական ռեգիստրների վերլուծությունը նույնպես փաստել է, որ գլիոբլաստոմա ունեցող այն պացիենտները, ովքեր ստանդարտ քիմիաթերապիայի հետ մեկտեղ ստացել են տեստոստերոնային թերապիա, միջինում ավելի երկար են ապրել։






