Մինեսոտայի համալսարանին առընթեր Հանրային առողջապահության դպրոցի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացի դեռահասներն այսօր ավելի քիչ են քնում, քան նախորդ սերունդները, իսկ էկրանների առջև անցկացրած ժամանակն ու սոցիալական ցանցերն էլ ավելի ուժգին են ազդում քնի որակի վրա:

Pediatrics բժշկագիտական հանդեսում հրապարակված արդյունքները դեռահասների բոլոր տարիքային խմբերում քնի տևողության կայուն անկում են բացահայտել: Հետազոտողները պարզել են, որ ավագ տարիքի դեռահասների միայն 22%-ն է օրական առնվազն յոթ ժամ քնում. դա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

Հետազոտության առաջատար հեղինակ Ռեյչել Ուիդոմը նշել է, որ դեռահասների շրջանում քնի պակասի որոշ պատճառներ գոյություն ունեն արդեն վաղուց, օրինակ՝ տնային առաջադրանքները, արտադասարանական պարապմունքները, սոցիալական ճնշումը և կողմնակի աշխատանքը։ Սակայն վերջին տարիներին նաև նոր գործոններ են ի հայտ եկել։

Ըստ հետազոտողների՝ էկրանների մշտական օգտագործումը, ակտիվությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև մասշտաբային հասարակական սթրեսային իրադարձությունները (ներառյալ ՔՈՎԻԴ-19 համավարակը, սոցիալական հուզումները և ոստիկանական վերահսկողության կոշտ մեթոդները) կարող են լրացուցիչ կերպով վատթարացնել դեռահասների քունը:

Հետազոտությունը նաև բնակչության տարբեր խմբերի միջև անջրպետի մեծացում է ցույց տվել: Սևամորթ և լատինոամերիկացի դեռահասները, ինչպես նաև այն ընտանիքների երեխաները, որտեղ ծնողներն ունեն կրթության ավելի ցածր մակարդակ, հասակակիցների համեմատ ավելի ու ավելի հաճախ են բախվում քնի պակասի խնդրին:

Գիտնականները նշել են, որ քնի տևողությունը աստիճանաբար նվազում է դեռահասների մեծանալուն զուգընթաց, իսկ ավագ դեռահասների շրջանում առավել վառ է արտահայտված ինչպես քնի քանակի, այնպես էլ լիարժեք հանգստի զգացողության անկումը:

Հետազոտության համար օգտագործվել են Monitoring the Future նախագծի տվյալները. դա 1991-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում 8-րդ, 10-րդ և 12-րդ դասարանների ավելի քան 400 հազար ամերիկացի դպրոցականների շրջանում անցկացված համազգային մասշտաբային հարցում է: Մասնակիցները պատասխանել են այն հարցերին, թե որքան հաճախ են քնում առնվազն յոթ ժամ և արդյոք իրենց բավականաչափ հանգստացած են զգում:

Փորձագետները զգուշացնում են, որ քնի պակասը կապված է ոչ միայն ամենօրյա հոգնածության և աշխատունակության անկման հետ, այլև կարող է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների՝ ներառյալ հոգեկան խանգարումները, ուսման հետ կապված խնդիրները և հասուն տարիքում խրոնիկական հիվանդությունների ի հայտ գալը:

Հետազոտողների կարծիքով՝ խնդիրը կարող է կապված լինել ոչ միայն էկրանների առջև անցկացրած ժամանակի, այլև ավելի խորքային պատճառների, մասնավորապես՝  հուզական այրման, տագնապի և սոցիալական մեկուսացման հետ: Մեկ այլ առանձին հետազոտություն, որն անցկացվել է Կալիֆոռնիայի դպրոցականների շրջանում, ցույց է տվել, որ դեռահասների մոտ երկու երրորդը ուսումնական ծանրաբեռնվածության հետ կապված տագնապի և հուզական այրման ախտանիշներ է զգում:

Աշակերտներից ոմանք հայտնել են, որ հիմնական կարիքների՝ քնի, սնվելու և հիգիենայի համար բավարար ժամանակ ունենում են շաբաթական միայն երկու օր կամ նույնիսկ ավելի հազվադեպ:

Հոգեկան առողջության ոլորտի մասնագետները կարծում են, որ դպրոցները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սովորողների հանգստին, սթրեսի նվազեցմանը և հուզական ինքնակարգավորման հմտությունների ուսուցմանը:

Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ևս ցույց են տվել, որ այն դեռահասները, ովքեր ավելի վաղ են պառկում քնելու և ավելի երկար են քնում, սովորաբար ավելի լավ ճանաչողական ունակություններ և մտավոր թեստերի ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում:

Չնայած խնդրի համընդհանուր լուծում դեռևս գոյություն չունի, հետազոտողներն առաջարկում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք կարող են բարելավել իրավիճակը: Այդպիսի միջոցառումներից մեկը կարող է լինել ավագ դպրոցներում դասերի սկիզբը առավոտյան 8:30-ին կամ ավելի ուշ տեղափոխելը, որպեսզի դասացուցակն ավելի լավ համապատասխանի դեռահասների բնական կենսաբանական ռիթմերին:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ դեռահասների շրջանում զանգվածային քնի պակասը անխուսափելի երևույթ չէ, և հասարակությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի առողջ քնի մշակույթին ու աջակցող միջոցառումներին: