Գիտնականները նկարագրել են արհեստական ​​բանականության մոդելի մշակումը, որն ընդունակ է սովորական սրտաբանական հետազոտության հիման վրա կանխատեսել ինսուլտի առաջացման ռիսկը մինչև 10 տարվա հորիզոնում։

Նոր հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է JACC (Journal of the American College of Cardiology) ամսագրում։

Մոդելը վերլուծում է ստանդարտ էլեկտրասրտագրության (ԷԿԳ) տվյալները, ինչպես նաև պացիենտի վերաբերյալ բազային տեղեկությունները՝ տարիքը և սեռը։

Ալգորիթմը սրտի էլեկտրական ակտիվության մեջ հայտնաբերում է նուրբ օրինաչափություններ, որոնք կարող են մատնանշել թաքնված խանգարումները՝ կապված ապագա ինսուլտների հետ, ներառյալ այն ձևերը, որոնք պայմանավորված են նախասրտերի աշխատանքի խաթարումներով։

Հետազոտողների տվյալների համաձայն՝ համակարգը ցուցաբերում է բարձր ճշգրտություն և իր արդյունավետությամբ համադրելի է կլինիկական պրակտիկայում արդեն իսկ կիրառվող ռիսկերի գնահատման սանդղակների հետ։ Այն հատկապես լավ է բացահայտում ինսուլտի այն տեսակը, որը կապված է սրտում թրոմբների գոյացման հետ և որը պոտենցիալ կերպով հնարավոր է կանխարգելել դեղորայքային թերապիայի միջոցով։

Հեղինակներն ընդգծում են, որ այս տեխնոլոգիան կարող է վաղ սքրինինգի գործիք դառնալ առօրյա սրտաբանության մեջ՝ թույլ տալով հայտնաբերել ռիսկի խմբում գտնվող պացիենտներին ախտանիշների ի հայտ գալուց դեռ շատ առաջ և ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները։