Չինաստանի Սյամենի համալսարանի գիտնականները՝ Լիգե Լենգի գլխավորությամբ, գլխուղեղում հայտնաբերել են մի մեխանիզմ, որը կարող է առանցքային դեր խաղալ ծերացման գործընթացներում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հիպոթալամուսում մենին սպիտակուցի մակարդակի նվազումը կապված է հիշողության վատթարացման, բորբոքային գործընթացների և տարիքային այլ փոփոխությունների հետ։ Այս մասին հայտնել է «Science Daily» պարբերականը։

Փորձերի ընթացքում հետազոտողները պարզել են, որ տարիքին զուգընթաց վենտրոմեդիալ հիպոթալամուսում մենինի խտությունը զգալիորեն պակասում է։ Երբ գիտնականներն արհեստականորեն նվազեցրել են այս սպիտակուցի մակարդակը երիտասարդ մկների օրգանիզմում, կենդանիների մոտ սկսել են ի հայտ գալ վաղ ծերացման նշաններ՝ վատացել են հիշողությունն ու շարժումների կոորդինացիան, նվազել է ոսկրերի խտությունը, բարակել է մաշկը, իսկ կյանքի տևողությունը կրճատվել է։

Լիգե Լենգի խոսքով՝ մենինը կարող է կարևոր կապող օղակ հանդիսանալ ծերացման գենետիկական, բորբոքային և նյութափոխանակության մեխանիզմների միջև։ Հետազոտողները նաև կարծում են, որ D-սերին ամինաթթուն կարող է հեռանկարային միջոց դառնալ տարիքային կոգնիտիվ խանգարումների դեմ պայքարում։

Գիտնականները պարզել են, որ մենինի դեֆիցիտը հանգեցնում է D-սերինի մակարդակի նվազման, իսկ այս նյութն անհրաժեշտ է ուսումնառության և հիշողության գործընթացների համար: D-սերինը պարունակվում է ձկան, ձվի, ընկուզեղենի և սոյայի մթերքների մեջ, ինչպես նաև թողարկվում է կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) տեսքով:

Փորձի շրջանակում տարեց մկների հիպոթալամուս են ներարկել մենինի գենը: Ընդամենը մեկ ամիս անց կենդանիների մոտ բարելավվել են հիշողությունը, մաշկի վիճակն ու ոսկրային հյուսվածքի խտությունը: D-սերինի հավելումներով արված առանձին փորձը նույնպես դրական ազդեցություն է ունեցել կոգնիտիվ ֆունկցիաների վրա, թեև ծերացման արտաքին նշաններն այդ դեպքում չեն փոխվել:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արդյունքներն առայժմ հաստատված են միայն կենդանիների վրա: Մարդկանց համար նման մեթոդների անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ: Հետագայում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել տարիքի հետ մենինի մակարդակի նվազման պատճառները և այս կենսաբանական մեխանիզմների վրա ներգործության հնարավոր երկարաժամկետ հետևանքները: