Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեզի պարզ անալիզը կարող է օգնել աուտիզմի բարձր ռիսկ ունեցող երեխաներին հայտնաբերել ավելի վաղ, քան ախտորոշման գոյություն ունեցող մեթոդները, ինչը թույլ կտա ժամանակին սկսել աջակցությունը և շտկողական միջոցառումները։

Գիտնականները պարզել են, որ աուտիզմ ունեցող երեխաներն ունեն աղիքային միկրոբիոտային առնչվող բնորոշ նյութափոխանակության մարկերներ, որոնք հնարավորություն են տալիս նրանց տարբերել բնականոն զարգացող հասակակիցներից։ Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 26-ին Molecular Psychiatry բժշկագիտական հանդեսում, ցույց են տվել, որ այս բիոմարկերների հիման վրա իրականացված թեստը 90% դեպքերում ճիշտ է որոշել երեխաների աուտիզմը և խանգարում չունեցող երեխաների շրջանում կեղծ դրական արդյունքներ չի տվել։

Ըստ հետազոտողների՝ հայտնաբերված մետաբոլիտներից շատերը սերոտոնինի և դոֆամինի փոփոխված ձևերն են. նեյրոմեդիատորներ, որոնք կարևոր դեր են խաղում տրամադրության, մտածողության, հիշողության և վարքագծի մեջ։

«Առանձնապես ուշագրավ է այն, որ բակտերիաներն արտադրում են մետաբոլիտներ, որոնք, ըստ էության, սերոտոնինի և դոֆամինի փոփոխված տարբերակներն են,- նշել է Արիզոնայի նահանգային համալսարանի Միկրոբիոմների միջոցով մարդու առողջության կենտրոնի ճարտարագիտության պրոֆեսոր Ջեյմս Ադամսը։- Սրանք երկու հիմնական նեյրոմեդիատորներն են, որոնք ազդում են տրամադրության, ճանաչողական ֆունկցիաների և հիշողության վրա։ Դա կարող է բացատրել աուտիզմով երեխաների բազմաթիվ ախտանիշներն ու ուղեկցող վիճակները, ներառյալ սոցիալական հաղորդակցման առանձնահատկությունները, տագնապայնությունը, դեպրեսիան և ուշադրությանն առնչվող խնդիրները»։

Հետազոտության ընթացքում վերլուծվել են աուտիզմ ախտորոշմամբ 52 երեխայի և տիպիկ զարգացում ունեցող 47 երեխայի մեզի նմուշներ։ Աուտիզմով գրեթե բոլոր մասնակիցների շրջանում առնվազն մեկ մետաբոլիտի մակարդակը գերազանցել է ստուգիչ խմբում արձանագրված առավելագույն ցուցանիշները։ Առանձին դեպքերում կոնցենտրացիաները եղել են 100-1000 անգամ բարձր։

Միջին հաշվով, աուտիզմով երեխաների շրջանում հայտնաբերվել է մոտ երեք բարձրացած մետաբոլիտ, մինչդեռ խանգարում չունեցող երեխաների շրջանում նման շեղումներ չեն նկատվել։ Հայտնաբերված միացությունների թվում եղել են թիրոզին, տրիպտոֆան և ֆենիլալանին ամինաթթուների մետաբոլիտները, որոնք մասնակցում են կարևոր նեյրոմեդիատորների սինթեզին։ Բացի դրանից, որոշ նյութեր կապված են եղել աղիքներում խմորասնկերի և այլ սնկերի ակտիվության հետ։

«Մենք պարզել ենք, որ աուտիզմով երեխաների 80–90%-ի մոտ նկատվում է մանրէաբանական ծագման մեկ կամ մի քանի մետաբոլիտների չափազանց բարձր մակարդակ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Քրիստինա Ֆլինը, որը վերջերս է ավարտել Արիզոնայի նահանգային համալսարանի դոկտորական ծրագիրը։

Ստացված տվյալների հիման վրա գիտնականները մշակել են թեստ, որը որոշում է 17 սպեցիֆիկ մետաբոլիտների առկայությունը երկուսից տասնմեկ տարեկան երեխաների մեզի մեջ։

«Այս թեստը հնարավորություն կտա պարզելու, թե որ փոքրիկներն ունեն աուտիզմի ախտորոշում ստանալու բարձր ռիսկ, ինչպես նաև կօգնի ընտրել բուժման մոտեցումներ արդեն ախտորոշված բուժառուների համար՝ նրանց կյանքի որակը բարելավելու նպատակով»,- նշել է Ֆլինը։

Հեղինակներն ընդգծում են, որ աուտիզմի ախտորոշումը հաճախ ուշանում է, քանի որ գոյություն ունեցող մեթոդները հիմնականում հիմնված են երեխայի վարքագծի դիտարկման վրա։ Խանգարման ավելի վաղ հայտնաբերումը կարող է ընտանիքներին օգնել ավելի արագ ստանալ անհրաժեշտ աջակցությունը։

Ֆլինը միաժամանակ հույս է հայտնել, որ կենսաբանական թեստի հայտնվելը կօգնի նվազեցնել աուտիզմին առնչվող կարծրատիպերն ու ստիգմատիզացիան։

«Հուսով ենք՝ դա հնարավորություն կտա նվազեցնել այս վիճակի հետ կապված ամոթի զգացումն ու նախապաշարմունքները,- ասել է նա։- Երբեմն ծնողները հետաձգում են ախտորոշումը, որովհետև իրենց վատ ծնող են զգում կամ վախենում են դատապարտումից։ Սակայն, եթե աուտիզմը հնարավոր է հայտնաբերել մեզի անալիզով, դա հաստատում է, որ խոսքը օրգանիզմի կենսաբանական վիճակի մասին է»։

Հետազոտողները շեշտում են, որ թեստի արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Բացի դրանից, ստացված արդյունքները կարող են նպաստել բուժման նոր մեթոդների մշակմանը, որոնք ուղղված կլինեն աղիքային միկրոբիոտայի կազմի փոփոխմանը։

«Կարծում ենք՝ այս մետաբոլիտների մակարդակի նվազեցումը կարող է երեխաներին օգնել ավելի առողջ ու երջանիկ կյանք վարել, ուստի կարևոր է հետազոտությունն անցկացնել հնարավորինս վաղ, որպեսզի ժամանակին սկսվի միջամտությունը»,- նշել է Ադամսը։