Այն երեխաները, ովքեր վաղ մանկության ընթացքում կանոնավոր կերպով ավելի քիչ են քնում, քան իրենց հասակակիցները, կարող են դեռահասության և վաղ չափահասության տարիքում դեպրեսիայի զարգացման զգալիորեն ավելի բարձր ռիսկ ունենալ։ Նման եզրահանգման են եկել Բիրմինգհեմի համալսարանի հետազոտողները։

European Child & Adolescent Psychiatry բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ մանկության տարիներին քնի կայուն կարճ տևողությունը կապված է 13-22 տարեկան հասակում դեպրեսիայի զարգացման հավանականության գրեթե կրկնապատկման հետ։

Գիտնականները վերլուծել են երկարաժամկետ հետազոտության տվյալները, որին մասնակցել է Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում ծնված 15 հազար 589 երեխա։ Վերլուծության ընթացքում հաշվի են առնվել տարբեր գործոններ, դրանց թվում՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը և ծնողների առողջական վիճակը։ Քնի տևողությունը գնահատվել է մանկության մի քանի փուլերում, իսկ մասնակիցների հոգեկան վիճակն ուսումնասիրվել է դեռահասության և երիտասարդական տարիքում։

Հոգեկան առողջության հետազոտություն անցած ավելի քան 8700 մասնակիցներից մոտ 80%-ն ունեցել է դեպրեսիայի նվազագույն ախտանիշներ, մինչդեռ մոտավորապես 4.5%-ի մոտ նկատվել են կայուն բարձր դեպրեսիվ ախտանիշներ։

1756 մասնակիցների տվյալների ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր դիտարկման ամբողջ ժամանակահատվածում ընդգրկված են եղել քնի ամենակարճ տևողությամբ խմբում, ապագայում զգալիորեն ավելի հաճախ են բախվել դեպրեսիայի։ Հաշվարկները ցույց են տվել շանսերի գործակիցը՝ 1.99, ինչը նշանակում է ռիսկի գրեթե կրկնապատկում։

Ըստ հետազոտության ղեկավար, դոկտոր Իզաբել Մորալես-Մունյոսի՝ քնի կայուն պակաս նկատվել է երեխաների միայն փոքր մասի շրջանում, և մասնակիցների մեծ մասը չի բախվել խրոնիկական դեպրեսիվ ախտանիշների։ Ընդսմին, արդյունքներն ընդգծում են քնի կարևոր դերը հոգեկան առողջության ձևավորման գործում։

Հետազոտողը նշել է, որ քնի որակն ու տևողությունը պատկանում են այն գործոնների թվին, որոնք կարելի է բարելավել առանց դեղորայքային միջամտության, ինչը դրանք դարձնում է կանխարգելման հեռանկարային ուղղություն։

Մասնագետները երեխաների քունը բարելավելու համար խորհուրդ են տալիս սահմանել քնելու հաստատուն ժամ, սահմանափակել էլեկտրոնային սարքերի օգտագործումը քնելուց առաջ, խրախուսել ֆիզիկական ակտիվությունը օրվա ընթացքում և ննջասենյակում ստեղծել հանգիստ մթնոլորտ։ Կարևոր դեր ունի նաև ծնողների իրազեկումը առողջ քնի սկզբունքների մասին։

Միևնույն ժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ որակյալ քուն ապահովելու հնարավորությունը կախված է բազմաթիվ սոցիալական գործոններից։ Հանգստի տևողության և որակի վրա կարող են ազդել բնակարանային պայմանները, ընտանիքի եկամուտների մակարդակը և շրջակա միջավայրի առանձնահատկությունները։

Միջին հաշվով, հետազոտության մեջ ընդգրկված երեխաները գիշերվա ընթացքում քնել են մոտ 11 ժամ։ Կայուն կարճ քուն ունեցողների խմբի մասնակիցները սովորաբար քնել են իննից մինչև իննուկես ժամ։

Հետազոտողները ուսումնասիրել են նաև բորբոքային գործընթացների հնարավոր դերը քնի պակասի և դեպրեսիայի հետագա զարգացման միջև կապում։ Պարզվել է, որ բորբոքման ցուցանիշներից մեկը՝ ինտերլեյկին-6-ը (IL-6), կարող է ներգրավված լինել այս մեխանիզմում, մինչդեռ մեկ այլ ցուցանիշ՝ C-ռեակտիվ սպիտակուցը (CRP), նման կապ չի դրսևորել։

Հեղինակների կարծիքով՝ IL-6-ի բարձր մակարդակը կարող է լինել այն կենսաբանական ուղու մի մասը, որը դեռահասներին ավելի խոցելի է դարձնում դեպրեսիայի նկատմամբ։ Սակայն հետազոտությունը չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապ քնի պակասի և դեպրեսիվ ախտանիշների զարգացման միջև։

Աշխատանքի համահեղինակ, դոկտոր Ռեբեկա Ամոսը նշել է, որ արդյունքներն օգնում են ավելի լավ հասկանալ այն գործոնները, որոնք նպաստում են երիտասարդների շրջանում ծանր և տևական դեպրեսիայի զարգացմանը։ Նա հավելել է, որ քնի սովորությունների բարելավումը և կանոնավոր ռեժիմի պահպանումը կարող են օգնել նվազեցնել ապագա հոգեկան խանգարումներին առնչվող կենսաբանական մեխանիզմների ազդեցությունը։