Հետազոտողների միջազգային կոնսորցիումը հրապարակել է մարդու օրգանիզմի ծերացող բջիջների առաջին հանգամանալից ատլասը: Այս աշխատանքը մեծ քայլ է ծերացման գործընթացը հասկանալու և տարիքային հիվանդությունների նոր բուժումներ մշակելու ուղղությամբ: Մի շարք հետազոտություններ հրապարակվել են մի քանի գիտական ​​​​ամսագրերում, այդ թվում՝ Cell-ում, Cell Press Blue-ում և Molecular Cell-ում:

Այդ հետազոտությունները կենտրոնանում են այսպես կոչված ծերացող բջիջների վրա՝ բջիջներ, որոնք դադարում են բաժանվել, բայց շարունակում են ապրել և ակտիվորեն ազդել շրջակա հյուսվածքների վրա:

Երիտասարդ օրգանիզմներում այսդբջիջներն օգտակար դեր են խաղում. դրանք օգնում են վերքերի բուժմանը և կանխում ուռուցքի աճը:

Սովորաբար իմունային համակարգն արագ հեռացնում է դրանք: Սակայն տարիքի հետ այդ մեխանիզմը թուլանում է, և ծերացող բջիջները աստիճանաբար կուտակվում են հյուսվածքներում:

Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այդ բջիջները սկսում են արտազատել նյութեր, որոնք նպաստում են քրոնիկական բորբոքմանը և տարիքային հիվանդությունների զարգացմանը: Շատ գիտնականներ դրանք համարում են ծերացման հիմնական կենսաբանական գործոններից մեկը:

Կենդանիների վրա կատարված փորձերն արդեն ցույց են տվել, որ այդ բջիջների հեռացումը կարող է դանդաղեցնել տարիքային որոշ փոփոխություններ և բարելավել օրգանիզմի վիճակը:

Երևույթն ուսումնասիրելու համար ԱՄՆ Ազգային առողջապահության ինստիտուտները 2021 թվականին մեկնարկել են SenNet (Cellular Senescence Network) ծրագիրը: Նպատակը մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածքներում ծերացող բջիջների հայտնաբերումն ու բնութագրումն է։

Նոր նախագծի հիմնական նվաճումներից մեկը «սենոտիպ» հասկացության ներդրումն էր: Հետազոտողներն առաջարկում են դասակարգել ծերացող բջիջները ոչ միայն իրենց կենսաբանական հատկություններով, այլև գտնվելու վայրով, շրջակա միջավայրով և մարմնի վիճակով: Այս մոտեցումը թույլ կտա ավելի ճշգրիտ հասկանալ, թե որ բջիջներն են վնասակար և որոնք են շարունակում կատարել օգտակար գործառույթներ։

Հետազոտության շրջանակում գիտնականները քարտեզագրել են ծերացող բջիջների բաշխումը տարբեր օրգաններում, այդ թվում՝ նախաճակատային կեղևում, թոքերում և ավշային հանգույցներում։

Ավելին, մշակվել են նոր հաշվողական մեթոդներ և արհեստական ​​բանականության գործիքներ՝ օրգանիզմի միլիոնավոր նորմալ բջիջների մեջ հազվագյուտ ծերացող բջիջներ որոնելու համար։

Հատկապես կարևորվել է ծերացման նոր բիոմարկերների հայտնաբերումը: Հետազոտողներն արյան մեջ հայտնաբերել են մարկերներ, որոնք կարող են կանխատեսել երիկամների հիվանդության զարգացումը, տարիքային թուլությունը և նույնիսկ դիաբետի ապագա ռիսկը։ Հետազոտրության հեղինակները կարծում են, որ արդյունքում ստացված ատլասը կծառայի որպես հիմք նոր սերնդի դեղամիջոցների՝ այսպես կոչված սենոլիտիկների մշակման համար։

Այդ փորձարարական դեղամիջոցները նախատեսված են ընտրողաբար ոչնչացնելու ծերացող վնասակար բջիջները՝ միաժամանակ պահպանելով այն բջիջները, որոնք շարունակում են օգուտ բերել օրգանիզմին։

Եթե նման դեղամիջոցներն ապացուցեն իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը, դրանք կարող են բացել միանգամայն նոր ուղղություն ծերացման դեմ բժշկության և տարիքային հիվանդությունների բուժման մեջ։