C վիտամինի բավարար ընդունումը կարող է դեր խաղալ տարեց հասակում ուղեղի առողջության պահպանման գործում։ Նման եզրակացության են հանգել ճապոնացի հետազոտողները՝ վերլուծելով 64 տարեկանից բարձր ավելի քան 2000 չափահասների տվյալները։ Աշխատությունը հրապարակվել է PLOS ONE հանդեսում։

Ճապոնացի գիտնականները համադրել են մասնակիցների արյան պլազմայում C վիտամինի մակարդակը ուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրման (MRI) արդյունքների հետ։ Նրանք հայտնաբերել են կայուն կապ. C վիտամինի ավելի ցածր կոնցենտրացիա ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ է նկատվել գորշ նյութի ծավալի նվազում։ Ուղեղի այս հատվածը կապված է տեղեկությունների մշակման, հիշողության և ճանաչողական գործառույթների հետ։

Բացի դրանից, վերոնշյալ մասնակիցների մոտ արձանագրվել է ավելի թույլ կապակցվածություն ուղեղի այսպես կոչված պասիվ ռեժիմի աշխատանքի ցանցում (Default Mode Network). համակարգ, որը մասնակցում է ինքնախորհրդածության, ուշադրության և ինքնակենսագրական հիշողության գործընթացներին։

Տարիքի, ֆիզիկական ակտիվության մակարդակի, կրթության և այլ գործոնների ճշգրտումից հետո C վիտամինի մակարդակի և ուղեղի ցուցանիշների միջև փոխադարձ կապերը պահպանվել են։

Հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե ապացուցված պատճառահետևանքային կապի, այլ վիճակագրական ասոցիացիայի մասին է։ Ընդսմին, արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ C վիտամինի համապատասխան մակարդակը կարող է աջակցել ուղեղի առողջ ծերացման գործընթացներին։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, ինչն այն դարձնում է այս ոլորտում ամենախոշոր դիտողական վերլուծություններից մեկը։ Ըստ աշխատության հեղինակներից մեկի՝ Հիրոսակիի համալսարանի Բժշկության բարձրագույն դպրոցից Տոմոհիրո Սինտակայի՝ հատկապես կարևոր է, որ հաջողվել է կապ հաստատել առանձին սննդանյութի և խոշորամասշտաբ նեյրոնային ցանցերի միջև։

Հեղինակները նշում են, որ արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային և բազմազան հետազոտություններ։ Այդուհանդերձ, աշխատանքն ընդգծում է ամենօրյա սննդակարգի նշանակությունը տարեց հասակում ճանաչողական առողջության պահպանման համար։